National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.06.2020
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 12

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, որն սկսվել էր նախորդ շաբաթ` մայիսի 26-ին:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունել է նախորդ նիստերում քննարկված նախագծերը, բացառությամբ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի, որն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն տեղափոխվել է առաջարկությունների ներկայացման փուլ` լրամշակման:

Խորհրդարանի որոշմամբ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա հատուկ ընթացակարգով` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Պատճառը, ըստ գլխադասային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, հարցի հրատապությունն է: Նշենք, որ փաթեթն այսօր առավոտյան ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկված «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթի քվեարկությանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել` այն համարելով խնդրահարույց եւ հակասահմանադրական: Նշենք նաեւ, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ դեմ է քվեարկել փաթեթին: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանել է, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Covid -19 համավարակի տարածմամբ եւ հանրության առողջության պահպանմամբ: Ըստ նրա, համավարակով պայմանավորված, այսօր անհրաժեշտություն է առաջացել չեղարկել ապրիլի 5-ին հայտարարված սահմանադրական փոփոխություններ նախատեսող հանրաքվեի անցկացումը: Փաթեթը քվեարկության արդյունքում ընդունվել է:

Խորհրդարանի որոշմամբ, այս փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նույնպես տեղի կունենա հատուկ ընթացակարգով` քսանչորս ժամվա ընթացքում:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է առաջին ընթերցմամբ քննարկել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի հեղինակներն են պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Արթուր Գրիգորյանը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ ավտոբուսները» բառերն առաջարկվում է փոխարինել «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները» բառերով, իսկ «տախոգրաֆով» բառից առաջ լրացնել «թվային» բառը: Առաջարկով 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականացնել ուղեւորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն: Տախոգրաֆը սարք է, որը տրանսպորտային միջոցի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ է պարունակում, եւ անվտանգության ապահովման տեսանյունից կարեւոր գործիք է: Նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նա խորհրդարանին առաջարկել է ձեռնպահ մնալ կողմ քվեարկելուց, քանի որ օրենսդրական փաթեթը խնդրահարույց է եւ լրամշակման կարիք ունի:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա` փաթեթի նպատակն ուղեւորների անվտանգության ապահովումն ու նրանց ապահովագրության փոխհատուցումն է երկրի սահմաններից դուրս, ինչպես նաեւ վարորդների աշխատաժամանակի կարգավորումն է ու նորմավորումը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` նշելով, որ խմբակցությունն առաջին ընթերցմամբ քվեարկությանը կողմ է քվեարկելու, քանի որ հիմք է ընդունում մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիեւի կողմից օրերս արված ռազմատենչ հայտարարությանը, որին այսօր հետեւել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որում վերջինս խոստովանել է, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:

Լիլիթ Մակունցն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016 թվականին, այնպես էլ ցանկացած այլ պահի, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք եւ ուժգին: Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու` անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքների տարբերություններից: Այդուհանդերձ, մեր կարեւոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձեւաչափով ընդունված` երեք կարեւոր սկզբունքներից մեկը, այն է` ուժի, եւ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը: Իմ համոզմամբ, միջազգային հանրությունը, առավել եւս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, այս օրերին Covid-19-ի համավարակի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ, որովհետեւ անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիեւի ձեռքերը եւ հանգեցնել նոր էսկալացիայի տարածաշրջանում, կրկնում եմ, ուժգին պատասխան արձագանք է ստանալու եւ աղետալի հետեւանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար»:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արթուր Դալաքյանն անդրադարձել են բարձրացված հարցադրումներին` տվել պարզաբանումներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Արթուր Դավթյանի տեղեկացմամբ` 2019թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելին է 2172-ով կամ 8.8%-ով: Ոչ մեծ ծանրության հանցագործությունները 2019թ. աճել են 521-ով կամ 3.7%-ով, միջին ծանրությանը` 739-ով 11.0%-ով, ծանր հանցագործությունները` 852-ով կամ 23.4%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 60-ով կամ 26.8%-ով:

Գլխավոր դատախազի խոսքով` հանցագործության դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաեւ այն հանգամանքով, որ բարելավվել են քրեական հետապնդման մարմինների` հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման գործառույթների իրականացման մասնագիտական, տեխնիկական հնարավորությունները, կատարելագործվել են պրոֆիլակտիկ միջոցները եւ, ամենակարեւորը, հատկապես լատենտային հանցագործությունների դեպքում զգալիորեն աճել է քաղաքացիների նախաձեռնողականությունը, իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ 2019թ. ընթացքում ավարտված քրեական գործերի 57.8%-ը քննվել է մինչեւ 2 ամիս, 17.4%-ը` մինչեւ 4 ամիս, 9.8%-ը` մինչեւ 6 ամիս, 11.5%-ը` մինչեւ 1 տարի, 3.5%-ը` 1 տարուց ավելի ժամկետներում: 2019թ. ընթացքում քննված քրեական գործերի 12.1% -ի նախաքննությունը տեւել է 6 ամսից ավելի: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քրեական գործերի նախաքննության ժամկետների ձգձգումները հիմնականում պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես քննիչների գերծանրաբեռնվածությամբ: Այդուհանդերձ, 6 ամսից ավելի տեւող քրեական գործերով իրականացվող քննության ընթացքի նկատմամբ դատախազական հսկողության վիճակը բարելավվելու, անձանց` ողջամիտ ժամկետում իրենց գործի քննության իրավունքը ապահովելու, քրեական գործերով իրականացվող քննության լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունն երաշխավորելու նկատառումներից ելնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկել 6 ամսից ավել քննվող քրեական գործերը, պարզել նախաքննության ժամկետների ձգձգման պատճառները, քրեական գործերի ընթացքը լուծելու նպատակով տալ հանձնարարություններ կատարման հստակ ժամկետներով:

Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանել է պատգամավորների երեք տասնյակից ավելի հարցերին:

Հաղորդման վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Նրանք շնորհակալություն են հայտնել Արթուր Դավթյանին` համապարփակ հաղորդում կազմելու եւ ներկայացնելու համար: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունները նպաստել են նախաքննական մարմինների ծանրաբեռնվածության թեթեւացմանը, ավելի դյուրին մոդելների ներդրմանը, որոնք թույլ կտան դատախազության աշխատանքը դարձնել առավել ադյունավետ եւ թափանցիկ: Միեւնույն ժամանակ մատնանշվել են իրավական այնպիսի բացեր, որոնք խանգարում են դատախազությանն ավելի արդյունավետ գործելու համար:

Կարեւոր ձեռքբերում է համարվել ՀՀ դատախազության նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, ինչի վառ ապացույցն է` հեղափոխությունից հետո կառույց դիմող քաղաքացիների թվի ավելացումը: Խորհրդարանականները խոսել են դատախազությունը մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող նոր կադրերով համալրելու եւ համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: Բարձրաձայնվել է հանրության շրջանում առկա դժգոհությունը` նախկինում իրականացված զանգվածային թալանի վերադարձի առնչությամբ: Պատգամավորները կարեւորել են նաեւ հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի ամբողջական բացահայտումը եւ այդ ուղղությամբ դատախազության աշխատանքը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ` դատախազության եւ դատախազների նկատմամբ հանրության ընկալումը պետք է փոխվի: Տարիներ շարունակ համակարգի նկատմամբ ձեւավորվել է անարդարության զգացում, ինչն իր բացասական հետեւանքն է ունեցել մի շարք ոլորտների վրա: Արդարության վերականգնման ճանապարհին Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորել է դատախազության առանցքային դերը: Նա արժեւորել է նախկին գործերի արդարացի եւ ամբողջական բացահայտումը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական եւ մտահոգ առաջարկների համար, անդրադարձել բարձրացված խնդիրներին:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են Կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Խորհրդարանը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի հունիսի 2-ին` ժամը 10:00-ին:


29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am