Տպել
23.05.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 23-ին կայացած հերթական նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին, որը մանրամասնորեն քննարկվել էր հանձնաժողովի նախորդ նիստերի ընթացքում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագծի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկուշաբթի՝ մայիսի 25-ը, պայմանավորված հիմնական զեկուցողի բացակայությամբ:

Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ օրինագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումներ է կազմակերպվել դատական ոլորտի ներկայացուցիցների հետ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի ներկայացմամբ՝ քննարկվել եւ  դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացու, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է ՀՀ-ում, ծննդյան վկայականում եւ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում ծնողների համաձայնությամբ ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ երեխայի հանրային ծառայության համարանիշն ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաեւ երեխայի ծննդյան վկայականը եւ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է ԱԺ խմբակցություններին հնարավորություն ընձեռել անսահմանափակ խորհրդարանական լսումներ հրավիրել: Գործող կարգավորմամբ խմբակցությունը մեկ նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:

Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նույնանման կարգավորում  առաջարկել էր կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նշվել է, որ խնդիրն արհեստական է, քանի որ չի եղել իրավիճակ, երբ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը ցանկանա լսումներ հրավիրել եւ առաջարկը մերժվի: Ուստի, հանձնաժողովի նախագահը հորդորել է կողմ չքվեարկել առաջարկվող փոփոխությանը:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա ընդգծել է, որ ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, ուստի ըստ փոխնախարարի՝ անգամ գործող կարգավորումների պարագայում խմբակցությունների՝ լսումներ հրավիրելու իրավունքն ըստ էության չի իրացվել: Հետեւաբար գործադիրը հիմնավորված չի համարում նախագծով առաջարկվող փոփոխությունը:

Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ ԱԺ պատգմավորներ Մխիթար Հայրապետյանի, Արտակ Մանուկյանի,  Համազասպ Դանիելյանի, Սերգեյ Բագրատյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող մեկ տասնյակից ավելի փոփոխությունները միտված են մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը, խորհրդարանական վերահսկողության գործիքների հստակեցմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը:

Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությամբ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին եւ հանրությանը՝ ելնելով թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներից:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների նիստին ներկա գտնվելու դեպքում, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, կնպաստի առավել քննարկված եւ հիմնավոր որոշումների կայացմանը. Գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովը կարող է որոշում  կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու, նախագծի վերաբերյալ ներակայացնել առաջարկ, ինչն իր հերթին բարձրացնում է  երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարեւորությունը: Առաջարկվում է նաեւ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների աշխատակազմերի հաստիքացուցակում ավելացնել խորհրդականի հաստիքը, որը փորձագետի պաշտոնից տարբերվելու է իր հայեցողական բնույթով եւ առավելապես ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության  բարձրացմանը:

Հարցի առնչությամբ Կառավարության առաջարկները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են առաջարկվող փոփոխությունները եւ վերահաստատել, որ դրանք միտված են խորհրդարանի դերի բարձրացմանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ. նախատեսվում է խմբակցությունների աշխատակազմում առաջարկվող խորհրդականի հաստիքը հանել, ավելացնել պատգամավորի՝ հասարակական հիմունքներով օգնականի հաստիք՝ հաշվի առնելով այն, որ լրացուցիչ ծախս չի նախատեսվում:

Հեղինակների խոսքով՝ ներկայացված առաջարկները լրացուցիչ քննարկման կարիք ունեն, ուստի դրանց կանդրադառնան աշխատանքային ձեւաչափով:

Նախագծի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրել առնվազն եռամսյա վարկային արձակուրդ՝ առանց այդ ամիսների համար տոկոսների հաշվարկման:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը:

Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ըստ հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի՝  նախաձեռնությամբ սահմանվում են ֆորսմաժորային իրադրության հատկանիշները, այդ փաստի ազդեցությամբ պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման իրավական հետեւանքները, թվարկվում են հնարավոր ֆորսմաժորային իրադրություններ, սահմանվում է վեճի առկայության դեպքում ապացուցման բեռի բաշխումը:

Նախագծի անցումային դրույթով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ մինչեւ այն պահը, երբ ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես հայտարարվեց արտակարգ դրություն՝ կապված համաճարակի տարածման հետ:

ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի կարծիքով՝ նախաձեռնությունը գործնականում որեւէ անձի օգուտ չի տալու: Գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող փոփոխություններից:

Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Հանձնաժողովն օրակարգային հարցերի քննարկումը կշարունակի մայիսի 25-ին՝ ժամը 10:00-ին:


23.05.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...

23.05.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով: Ընթացակարգը՝ կից: ...

23.05.2020
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 25.05.2020 ժամը 17:00 214 դահլիճ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` 25.05.2020 ժամը 11:00 334 սենյակ, ...