Տպել
22.05.2020
Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում
1 / 9

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածման հետեւանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակին վերաբերող աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզադպրոցների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ:

Արսեն Ջուլֆալակյանը նշել է, որ արդեն մի քանի ամիս է տարբեր  սպորտաձեւերում պարապունքներն անցկացնում են հեռավար եղանակով, սակայն կան այնպիսիք, որոնց դեպքում հեռավար մարզումներ անցկացնելն անհնարին է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը տեղեկացրել  է, որ իրեն են դիմել ոչ պետական պարի դպրոցների տնօրեններ նշելով, որ իրենք հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ ստիպված են վճարել տարածքի վարձն ու պարուսույցների աշխատավարձը:

Քննարկման մասնակիցները, ներկայացնելով առաջացած խնդիրները, հետաքրքրվել են, թե երբ են բացվելու մարզադպրոցները: Կան սպորտաձեւեր, որոնք անհատական աշխատանքներ են ենթադրում: Նրանք նշել են, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հետագայում հնարավոր չի լինի ապահովել Պարետի` դիմակներ, ձեռնոցներ, ջերմաչափիչ սարքեր, ախտահանիչ միջոցներ ունենալու պահանջը:

Ներկաները նաեւ իրենց մտահոգությունն են արտահայտել  մարզիկների` այս ամիսների ընթացքում չմարզվելու պատճառով օլիմպիական խաղերից հետ մնալու առնչությամբ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված բոլոր խնդիրները քննարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ եւ գտնել դրանց լուծումները:

Արսեն Ջուլֆալակյանը տեղեկացրել է նաեւ, որ մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաեւ վերջինիս` մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի` իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով:

Հանձնաժողովի նիստին բացի պատգամավորներից ներկա են լինելու նաեւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: