Տպել
19.05.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
1 / 10

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 19-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Նախագծով նախատեսվում է փոխել օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը: Առաջարկվել է հետեւյալ տարբերակը. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»: Առաջարկվել է նաեւ նույն հոդվածի 10-րդ մասից հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» բառերը: Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը եւ կկանխվի բնակչության կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր նախագիծը լրացնել անցումային դրույթներով: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է առաջարկությունների միասնական լրամշակված տարբերակը, որն ընդունելի էր հեղինակի, կառավարության եւ քննարկմանը մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից: Մասնավորապես առաջարկվել է օրենքի առաջին հոդվածի առաջին մասով նախատեսված իրավակարգավորումը տարածել նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասով կիրառված տույժերի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ տույժը կիրառվել է որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար: Առաջարկվել են նաեւ տեխնիկական որոշ խմբագրումներ, որոնք եւս ընդունվել են:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջարկներով լրամշակված օրենսդրական նախաձեռնությանը: