Տպել
19.05.2020
Աշխատանքային քննարկում տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
1 / 9
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ մայիսի 19-ին տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում տուրիզմի ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման եւ հնարավոր լուծումները փնտրելու ու գտնելու նպատակով:

Խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակում ամենատուժված ոլորտներից մեկը տուրիզմն է: Վահե Էնֆիաջյանը, ներկայացնելով քննարկումը կազմարկերպելու շարժառիթը, նշել է, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ նամակներ է ստացել տուրիստական ընկերություններից, որոնք հայտնվել են անելանելի իրավիճակում, փորձել են դիմել պատկան մարմիններին, սակայն ապարդյուն:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը, թվարկելով զբոսաշրջության խնդիրները, նշել է, որ ոլորտի ընկերությունները կսկսեն եկամուտներ ստանալ հաջորդ տարվա ապրիլից, լավագույն կանխատեսումներով` այս տարվա սեպտեմբերից եւ եթե անգամ օգտվեն կառավարության առաջարկած վարկային միջոցներից, միեւնույնն է` եկամուտ չունենալու պատճառով դեռեւս չեն կարողանալու մարել այդ վարկերը: Ըստ Մեխակ Ապրեսյանի` արտոնյալ պայմաններով տրվող վարկի երկու տարի մարման ժամկետն էլ բավարար չէ: Նա առաջարկել է, զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողներին արտոնյալ վարկային միջոցներ տրամադրել ոչ թե 24, այլ 36 ամիս ժամկետով, ընդ որում 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:

Բանախոսի խոսքով` ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը` ֆեդերացիան առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Կառավարությանը. դրանցից մի քանիսն ընդունվել են:

Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով բազմաթիվ խնդիրների, նշել են, որ մի շարք ընկերություններ արդեն մեծ թվով աշխատակիցներ են կրճատել, շատերը գտնվում են սնանկացման եզրին, որոշներն էլ արդեն փակվել են: Տեղեկացվել է, որ հայաստանյան բանկերը, ոլորտը համարելով ռիսկային, շատ դեպքերում գրավադրմամբ վարկեր չեն տրամադրում:

Տուրօպերատորներն իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի գործունեությունից` նշելով, որ կառույցից իրենց որեւէ հարցի պատասխան պատշաճ կերպով չեն տրամադրում:

Քննարկման մասնակիցների խոսքով` վտանգված է նաեւ ներքին տուրիզմը, քանի որ չկա վերահսկողություն ոլորտի նկատմամբ: Տուրօպերատորների համոզմամբ հարկային բարեփոխումների անհրաժեշտություն կա, որը հնարավոր է իրականացնել օրենսդրական կարգավորմամբ:

Վահե Էնֆիաջյանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ բարձրաձայնած խնդիրները կուսումնասիրի, կլինի քննարկում եւ համապատասխան արձանագրությունը կներկայացվի Կառավարությանը: ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ խնդիրների լուծման տարբերակների եւ պատասխանների մասին կհայտնի ոլորտի ներկայացուցիչներին: «Վստահաբար, իմ լիազորությունների շրջանակում կանեմ առավելագույնը»,- նշել է ԱԺ փոխնախագահը: