Տպել
14.05.2020
Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ
1 / 20

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` մայիսի 14-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու եւ ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ` Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը մինչեւ 2020 թվականի հունիսի 13-ը` ժամը 17:00-ն:

Փախվարչապետն անդրադարձել է համաճարակային ընթացիկ վիճակին, նշել, որ մինչ օրս կատարվել է 36016 թեստավորում, որոնց արդյունքում հաստատվել է Covid-19 կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 3860 դեպք, առողջացել է 1572 անձ, այս պահին փաստացի բուժում է ստանում 2218-ը, գրանցվել է մահվան 49 դեպք:

Խոսելով Կառավարության կողմից իրականացված գործողությունների մասին` Տիգրան Ավինյանը նշել է, որ վարակի ներթափանցման փուլում` մինչեւ մարտի 22-ը, մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի առանցքային միջոցառումները` վարակակիրների հայտնաբերում, վարակակիրների համատարած հոսպիտալացում, վերջիններիս շփման շրջանակի նույնականացում եւ մեկուսացում: Փոխվարչապետն ընդգծել է, որ այդ օրերին առողջապահական համակարգը շատ արագ եւ արդյունավետ կերպով մոբիլիզացրել է իր բոլոր կարողությունները եւ ի վիճակի է եղել արձագանքելու մարտահրավերներին:

Զեկուցողը նշել է, որ արդեն երկուսուկես ամիս մեր երկիրն ապրում է համավարակի, երկու ամիս արտակարգ դրության պայմաններում եւ այդ ընթացքում Կառավարության ու պարետատան կողմից իրականացվել են բազմաթիվ գործողություններ` իրավիճակը կառավարելու ուղղությամբ ներդրվել են մի շարք գործիքներ եւ մեխանիզմներ, կիրառվել են սահմանափակումների տարբեր ռեժիմներ:

Պարետը ներկայացրել է հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով Կառավարության նախատեսած թիրախային միջոցառումների չորրորդ փուլի գործողությունների տրամաբանությունը` նշելով, որ գործադիրը որդեգրում է վարակի տարածման դինամիկայով եւ առողջապահական համակարգի կարողություններով պայմանավորված սցենարային մարտավարական կառավարում իրականացնելու գործելաոճ:

Ըստ Տիգրան Ավինյանի` մայիսի 1-ից սկսած որդեգրվել է սահմանափակումների թուլացման մարտավարությունը, հանվել են ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության մի շարք տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Նախատեսվում է, որ մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առեւտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը: Հաշվի առնելով աշխատող ծնողների` մանկահասակ երեխաների խնամքի ապահովման խնդիրը կվերաբացվեն նաեւ նախակրթարանները: Պարետի տեղեկացմամբ` մայիսի 25-ից պարտադիր է դառնալու ոչ միային հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրումը. կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները բարձրաձայնել են արտակարգ դրության ժամկետը երկարացնելու հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Տիգրան Ավինյանը:

ԱԺ հատուկ նիստը, սպառելով օրակարգը, ավարտել է աշխատանքը:


25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...