National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
11.05.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
11.05.2020
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 20

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով մայիսի 8-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը` 50-ից իջեցնելով մինչեւ 25-ի, եւ երկարացնել ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի գրանցման կամ մերժման համար նախատեսված ժամկետը` 3 օրը դարձնելով 10: Առաջարկվել են նաեւ այլ փոփոխություններ:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ Կառավարության եզրակացությունները դրական էին:

«Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը ներկայացրել է այդ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը: Նա հայտնել է, որ հանձնաժողովն ապրիլի 30-ին կայացրած որոշմամբ առաջարկում է 3 ամսով երկարաձգել հանձաժողովի լիազորության ժամկետը, որպեսզի կարողանա ավարտին հասցնել սկսած աշխատանքներն ու եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովին:

Հաջորդիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրենսդիրների քննարկմանն է ներկայացրել «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Պաշտպանը տեղեկացրել է, որ հաղորդմամբ ներկայացված են եւ արձանագրված հաջողությունները, եւ հրատապ լուծումներ պահանջող խնդիրներն ու խախտումները տարբեր ոլորտներում:

Փաստաթղթերը, ինչպես նշել է նա, կազմվել են անաչառության եւ ապաքաղաքական աշխատանքի սկզբունքներով, իսկ գրասենյակն էլ աշխատել է գերծանրաբեռնված:

Արման Թաթոյանի խոսքով` 2019 թվականը մեր երկրում նշանավորվել է դատաիրավական, քրեակատարողական, սոցիալական ապահովության եւ մի շարք այլ ոլորտներում, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում բազմածավալ բարեփոխումներ նախատեսող հիմնարար ռազմավարությունների ընդունմամբ: Հաշվետու տարում գրեթե երեք անգամ ավելացել են ՄԻՊ գրասենյակին ուղղված բողոքներն ու դիմումերը: Գրասենյակը 2019 թվականին 13140 դիմումներ եւ բողոքներ է ստացել այն դեպքում, երբ դրանց թիվը 2016 թվականին եղել է ընդամենը 5113:

2020 թվականին եւս ավելացել են քաղաքացիների դիմումներն ու բողոքները. անցած չորս ամսվա ընթացքում դրանք շուրջ 75 տոկոսով գերազանցում են նախորդ տարի ստացված դիմում-բողոքների թվին: Ըստ բանախոսի` ներկայացված տվյալները չեն ընդգրկում կատարված մի շարք աշխատանքներ ու նաեւ այցեր ազատազրկման տարբեր հաստատություններ ու այլ կառույցներ:

Պաշտպանը գոհունակությամբ փաստել է, որ հաշվետու տարում աճել է ՀՀ ՄԻՊ գրասենյակի հեղինակությունը միջազգային տարբեր կառույցներում, ինչն արտացոլվել է նրանց զեկույցներում:

Պաշտպանի հաղորդմամբ` 2019 թվականի ընթացքում ավելացել են վիրավորանքը, մարդկանց արժանապատվությունը վիրավորող ատելության խոսքը, ինչի մասին փաստում է սոցիալական մեդիայի մշտադիտարկումը: Ըստ նրա` սոցիալական ցանցերը լի են վիրավորանքով ու իրար նսեմացնող «քննարկումներով», ընդ որում, առավել ագրեսիվությամբ առանձնանում են առերեւույթ կեղծ օգտատերերի ու խմբերի գրառումները, որոնց թիվն զգալիորեն ավելացել է: Պաշտպանն այս վիճակն անթույլատրելի է համարել, ըստ նրա` այն խաթարում է համերաշխության մթնոլորտը երկրում եւ միասնականությունը հասարակությունում:

Արման Թաթոյանը նաեւ տեղեկացրել է, որ հաշվետու տարում շատ են եղել նաեւ քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտումները, որոնք իրականացվել են հիմնականում հաստիքների կրճատման եզրույթի ներքո:

Պաշտպանը պատասխանել է պատգամավորների բազմաբնույթ հարցերին եւ դիտողություններին:

Պատգամավորերի հարցերը վերաբերել են Մարդու իրավուքների պաշտպանի լիազորություններին, իրավունքներին, ոստիկանությունում, զինված ուժերում ծառայող անձնաց պաշտպանվածությանը, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բուժծառայությանը, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալների, ձերբակալվածների իրավունքների պաշտպանությանը, պրոբացիոն ծառայությանը, դատական իշխանության գործունեությանը:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաեւ խաղաղ պայմաններում զինծառայողների ինքնասպանություններին կամ ինքնասպանության հասցնելուն վերաբերող խնդիրներին, կին քաղաքական գործիչների` սեռով պայմանավորված թիրախավորմանը, տեղեկատվական ահաբեկչությանը:

Զեկույցի վերաբերյալ ելույթ են ունեցել շուրջ երեք տասնյակ պատգամավորներ: Նրանք շնորհակալություն են հայտնել ՄԻՊ-ին եւ գրասենյակի աշխատակիցներին` հսկայածավալ ու արդյունավետ աշխատանք իրականացնելու, պատգամավորների գրություններին օպերատիվ արձագանքելու համար: Կարեւորվել են փաստաթղթում ներկայացված առաջարկները:

Խորհրդարանականները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, խոսել զեկույցում տեղ գտած բացերի մասին: Մասնավորապես մտահոգություն է հնչել դատական նիստերի ձգձգման, հատկապես սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքի վերաբերյալ: Կարծիք է հնչել, որ խնդիրը հնարավոր չէ լուծել միայն օրենսդրական կարգավորումներով:

Օրենսդիրները խոսել են մեր հասարակությունում առկա մի շարք հոռի երեւույթների, մասնավորապես ընտանիքում բռնության դեպքերի, կանանց իրավունքների պաշտպանության, դրանց հաղթահարման ուղիների մասին` այդ հարցում կարեւորելով կրթական համակարգի դերն ու նշանակությունը: Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում անդրադարձ է կատարվել «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային: Պատգամավորները դատապարտել են բռնության ցանկացած դրսեւորում: Նրանք անդրադարձել են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը եւ գնահատականներ հնչեցրել:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի մայիսի 12-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS