National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.5.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
08.05.2020
Խորհրդարանը շարունակել է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքին եւ արդյունքներին վերաբերող զեկույցի քննարկումը
1 / 40

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը` լսելով պատգամավորների տեսակետները քննարկվող հարցի վերաբերյալ:

Մինչ ելույթներին անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ քաղաքացիներին շնորհավորել է Շուշիի ազատագրման օրվա առթիվ` այն գնահատելով որպես փառահեղ իրադարձություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Հարցի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքով ԱԺ նախագահը ընդմիջել է նիստը:

Ընդմիջումից հետո իր ելույթում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին` Էդմոն Մարուքյանն այն համարել է քաղաքական:

Ելույթից հետո ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա իր եւ խմբակցության անունից ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից ու բոլոր այն հայրենակիցներից, ովքեր ականատես են եղել միջադեպին: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շաբաթներ շարունակ փորձում է սադրել:

«Ամեն ինչ, հարգելի հայրենակիցներ, սկսվել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքից, այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը` կողմ չքվեարկելով այդ նախագծին», -նշել է նա:

Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականին` նա նշել է, որ Կառավարության գործողությունները միտված են եղել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, միջազգային ասպարեզում պետության հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը, երկրի անվտանգության եւ պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ընդգծելով Կառավարության սերտ համագործակցային քաղաքականությունը քաղաքացիական հասարակության հետ`բանախոսը նշել է, որ գործադիրը հայեցակարգեր եւ ռազմավարություն մշակելիս ցուցաբերում է ներառական մոտեցում` ներգրավելով թե՛ խորհրդարանական մեծամասնությանը, թե՛ ընդդիմությանը եւ թե՛ քաղաքացիական հասարակական, ինչպես նաեւ մասնագիտական խմբերի: Լիլիթ Մակունցը կարեւորել է նաեւ խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգերին միտված ռազմավարական եւ հայեցակարգային փաթեթների մշակմանը: Խմբակցության ղեկավարն առանձնացրել է Կառավարության կատարած շոշափելի աշխատանքներից տասը կետ` մասնավորապես դատաիրավական բարեփոխումները, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը, ՀՆԱ-ի ամենաբարձր աճը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, 460 կմ ճանապարհի նորոգումն ու հիմնանորոգումը:

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ` այստեղ:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն վերաբերում է կատարողների` տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների պահպանությանն ու պաշտպանությանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի խոսքով` պայմանագիրը կարգավորում է դերասանների կատարումները, որոնք հաղորդվում են կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության միջոցով, ինչպես նաեւ երաժշտական կատարումները, երբ դրանք ամրագրված են տեսասկավառակների վրա կամ որեւէ այլ տեսալսողական հարթակում: Պեկինյան պայմանագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ եւ կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրմամբ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Իվետա Տոնոյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը քննարկման է ներկայացրել «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել արտոնագրային կոնվենցիայով նախատեսված գործառույթները` արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության բնագավառում:

Հիմնական զեկուցողը նշել է, որ հնարավորություն է ստեղծվում զարգացնել Պայմանավորվող պետությունների ներքին շուկաները եւ բարձրացնել իրենց տարածքների գրավչությունն` առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար, որը կխթանի նոր ապրանքատեսակների ստեղծմանը, ինչ էլ իր հերթին հնարավորություն կտա նոր աշխատատեղերի բացմանը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Հովհաննիսյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ գործող օրենքի հավելվածում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներից է հանդիսանում մտավոր սեփականության պաշտպանությունը: Մինչդեռ նախարարությունը` ի դեմս մտավոր սեփականության գործակալության, իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովման հետ կապված հիմնական գործառույթներ` ապահովելով գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների հայտերի ընդունումը, փորձաքննության անցկացումը, պահպանական փաստաթղթերի տրամադրումը, զբաղվում է մտավոր սեփականության պահպանության համակարգի եւ ստեղծարար արդյունաբերության զարգացմամբ, պատասխանատու է ՄՍ իրավունքների համապատասխան քաղաքականության մշակման եւ իրականացման համար:

Փոխնախարարի խոսքով` ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն իրականացնում են ՀՀ ոստիկանությունը, ՀՀ մաքսային ծառայությունը եւ ՀՀ դատարանները: Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետի «մտավոր սեփականության պաշտպանության» բառերը փոխարինել «մտավոր սեփականության պահպանության» բառերով:

Նաիրա Մարգարյանի տեղեկացմամբ` անհրաժեշտություն է առաջացել մտավոր սեփականության ոլորտը կարգավորող առանձին օրենքներում եւս կատարել համապատասխան փոփոխություններ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական դիրքորոշումը ներկայացրել է Արթուր Դավթյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախարարի խոսքով` այդ արարքները կպատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: Նախագծով ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանվում այն դեպքում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս դեպքում պատիժը կլինի ազատազրկումը` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե վերոնշյալ արարքները կատարվել են կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կլինի չորսից ութ տարի ժամկետով:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումը բխում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից եւ դրան կից «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրության հոդված 3-ից, Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա) հոդված 4-ից, ինչպես նաեւ Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ից, որը Հայաստանը ստորագրել է 2008 թվականին:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սերգեյ Ատոմյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված համաձայնագրի նպատակն է կարգավորել կողմերի միջեւ ծառայությունների առեւտուրը եւ ներդրումների փոխադարձ պաշտպանությունն ու խրախուսումը: Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրով ստեղծվում է փոխշահավետ երկկողմ համագործության հիմք` ապահովելով ծառայությունների ազատ տեղաշարժ, գործարար հատվածի համար նպաստավոր պայմաններ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը եւ միջազգային համագործակցությանը:

Փաստաթղթի վավերացմամբ Հայաստանը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական եւ այլ միջոցառումներ` երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձեւերը կանխարգելելու եւ դրանցից պաշտպանելու համար:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:

Պատգամավորներն իրեց ելույթներում նշել են, որ ՀՀ օրենսդիր մարմինը ջանք չի խնայելու եւ հանդես է գալու բոլոր հնարավոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք արմատախիլ կանեն արատավոր երեւույթները: Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր երեխա պետք է լինի իրապես պաշտպանված:

ԲՀԿ խմբակցության տեսակետն է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով նախագծի որոշ դրույթների վերաբերյալ խմբակցության մտահոգություններին: Նա նշել է, որ առաջիկայում հանդես են գալու համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով:

Եզրափակիչ ելույթում արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է պատգամավորների հարցերին, դիտարկումներին, պարզաբանել Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժներին վերաբերող դրույթները, խոսել օրենսդրական դաշտում առկա բացթողումների մասին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ պետական մրցանակների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի` գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, այդ թվում` ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին: Նշվել է, որ նման վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքի անդամների հանդեպ, որոնց զավակները ՀՀ զինված ուժերում իրենց ծառայությունը իրականցնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում, եւ նման տարբերակված մոտեցման արդյունքում չեն կարողանում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն: Ըստ բանախոսի` նախագծի ընդունմամբ պետությունն օրենքով կերաշխավորի եւ կապահովի Զինված ուժերում զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին` հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ նախագիծն ստացել է դրական եզրակացություն եւ առաջարկել կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը հանգամանալից ներկայացրել է Կառավարության առաջարկած փոփոխությունները` պատասխանելով նաեւ պատգամավորների հարցերին:
 
Մտքերի փոխանակության ժամանակ պատգամավորներն անդրադարձել են Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքներին, հնարավորություններին:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Ըստ բանախոսի` առաջարկվել է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների նախաքննությունն իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը տեղեկացրել է, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում: Կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը` Սերգեյ Ատոմյանը կոչ է արել կողմ քվեարկել:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի մայիսի 11-ին` ժամը 10:00-ին: