Տպել
04.05.2020
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ մայիսի 4-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում ընդգրկված արտաքին քաղաքականության բաժինը:

Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` 2019թ. հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն սկզբունքն է եւ երկու մյուս սկզբունքների` համահայկականության եւ փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների եւ շահերի հետապնդումը: Այդ սկզբունքներն առաջին անգամ հստակորեն ամրագրվել են օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում եւ Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի ժամանակ:

Նախարարը տեղեկացրել է, որ 2019թ. ընդլայնվել է եւ 2020թ. կշարունակի ընդլայնվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը: 2019թ. Հայաստանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը, իսկ 2020թ. փետրվարին` Սլովակիայի դեսպանությունը: Եվս երեք եվրոպական երկիր` Սերբիան, Նիդերլանդները եւ Շվեդիան, որոշում են ընդունել 2020թ. ընթացքում դեսպանություններ բացելու մեր երկրում եւ արդեն այս ուղղությամբ կատարել են կոնկրետ քայլեր. Նիդերլանդների կողմից արդեն իսկ նշանակվել է Հայաստանում առաջին ռեզիդենտ դեսպանը: ՀՀ դեսպանություններ են բացվել Կատարում, Եթովպիայում, Իսրայելում: Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի` Հայաստանն ամրապնդել է երկկողմ բարձր մակարդակի երկխոսության վրա հիմնված իր բազմաբնույթ եւ բազմաշերտ համագործակցությունը ՌԴ-ի հետ, շարունակական քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կատարելագործման ուղղությամբ:

2019թ. ընթացքում Հայաստանը հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Այդ ընթացքում նաեւ մեծ ուշադրություն է դարձվել Միության` երրորդ երկրների հետ համագործակցության խորացմանը:

Զեկուցողը նշել է, որ Հայաստանի գործընկերային հարաբերությունները Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ վերընթաց զարգացում են ապրել թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական ոլորտներում: Հաշվետու տարում զգալի աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. 2019թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված 40 մլն եվրոյի չափով աջակցությանը հավելվել է լրացուցիչ 25 մլն եվրո հովանոցային ֆոնդից:

Ըստ նախարարի` Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից եղել եւ մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու առավել խորացումը: ԱՄՆ-ի հետ անցած տարվա ընթացքում հաստատված ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում: ԱՄՆ կառավարությունն ավելացրել է 2019թ. ՀՀ-ին հատկացվող օժանդակությունը 40 տոկոսով` հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի:

«Մեզ համար առանձնահատուկ կարեւորություն ունի մեր երկու անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ համագործակցության ամրապնդումը եւ զարգացումը, այդ թվում` տրանսպորտային եւ էներգետիկ փոխկապակցվածության շրջանակում: Մենք հետեւողական ենք նաեւ խորացնելու Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները` բազմաոլորտ եւ փոխշահավետ լայն համագործակցության ծավալման եւ ընդլայնման միջոցով եւ անցած տարի այս ուղղությամբ կարեւոր քայլեր են կատարվել, մասնավորապես մեր երկրների միջեւ հաստատվել է մուտքի առանց արտոնագրերի ռեժիմ»,- ընդգծել է արտաքին գերատեսչության ղեկավարը:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաեւ մի շարք երկրների հետ փոխգործակցության զարգացմանը, Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը:

Նախարարի խոսքով` Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունն է: Շարունակվել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների հետ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու եւ խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է համավարակի պայմաններում ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան են ներմուծվել COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին: