National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
04.05.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության հետեւանքներին առնչվող հարցեր
1 / 13

Մայիսի 4-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` քննարկելու նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համավարակի` սոցիալական եւ առողջապահական ոլորտներում  բացասական հետեւանքների եւ դրանց մեղմման միջոցառումների տեսլականն ու ճանապարհային քարտեզը:

ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների պատասխանատուները ներկայացրել են հանրապետությունում տիրող իրավիճակը, անդրադարձել օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ նշել այն աշխատանքները, որոնք ուղղված են հիվանդության հաղթահարմանն ու դրա տարաբնույթ հետեւանքների մեղմացմանը:

Բանախոսները նաեւ պատասխանել են պատգամավորների հարցերին:

«Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը` համավարակին դիմագրավելու արդյունավետության բարձրացման տեսանկյունից» թեմայով  զեկույց է ունեցել  ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Ըստ նրա` համավարակով պայմանավորված` աշխարհում 3,3 մլրդ անձանց վրա հիվանդությունն ազդել է տնտեսապես, 7 տոկոսով նվազել են գումարային աշխատաժամերը, որը կազմում է շուրջ 100 մլն դրույք աշխատատեղ:

Հայաստանում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ խոցելի խմբերում աշխատել է մոտ 209 հազար մարդ, որը կազմում է ընդհանուր աշխատուժի 35 տոկոսը, ռիսկային գոտում են նաեւ 45000 բուժաշխատողներ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ հիվանդությունն ի հայտ է բերել Հայաստանում չգրանցված աշխատողներին, որոնք նույնպես աղքատացման վտանգի տակ են:

Անդրադառնալով անելիքներին` նա կարեւորել է աշխատատեղերի պահպանումն ու նորերի ստեղծումը` հիմքում ունենալով զբաղվածության ծրագրերի վերանայումն ու դրանց հարմարեցումը փոփոխվող աշխարհին:

Ըստ օրենսդրի` անհրաժեշտ է վերաբաշխումներ եւ փոփոխություններ կատարել ինչպես պետական բյուջեում, այնպես էլ մի շարք օրենքներում:  Նշվել է, որ հանձնաժողովը մշակել է կորոնավիրուսի ներթափանցման հետեւանքով առաջացած հնարավոր ռիսկերի կառավարման եւ հակազդման գործողությունների երկու փաթեթ, որոնք ուղարկվել են Կառավարություն եւ պարետատուն,   ինչպես նաեւ օրենքների  մի քանի նախագծեր, որոնք դրվել են շրջանառության  մեջ:

«Նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում բնակչության բժշկական օգնության եւ սանիտարահամաճարակային միջոցառումների բնականոն ընթացքի, ինչպես նաեւ բուժաշխատողների պաշտպանության ապահովման հիմնական մոտեցումների վերաբերյալ» թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հայտնել է, որ այսօր արձանագրվել է հիվանդության  121 նոր դեպք, կա 35 ծայրահեղ ծանր հիվանդ, 36 նոր բուժված, 4 նոր մահ, այս պահին 1393 մարդ գտնվում է բուժման փուլում, ընդհանուր առմամբ թեստավորվել է 25000 քաղաքացի: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմում է 2507, բուժվածների թիվը` 1071: Մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է 39 մարդ, եւս 4-ը մահացել են այլ հիվանդություններից` ունենալով նաեւ կորոնավիրուս:

Ազատ մահճակալները հիվանդանոցներում 350 հատ են, որոշ հիվանդներ «բուժվում են» հյուրանոցներում:

«Համավարակը հաղթահարել մեզ ու որեւէ երկրի չի հաջողվել, բայց մեզ հաջողվել է առողջապահական համակարգի վրա բեռը կառավարելի դարձնել»,- ասել է նա եւ նշել, որ համակարգի վրա ծանրաբեռնվածությունն ավելանում է, եւ այն դեռեւս կառավարելի է: Նախարարի խոսքով` բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին պետք է չմնա առանց բուժօգնության: Բուժսարքերի, դեղորայքի եւ անհրաժեշտ պարագաների  պակաս չկա, սակայն անհրաժեշտ է լրջորեն պահպանել բոլոր կանոնները` չվերադառնալու համար խստագույն սահմանափակումներին:

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել` կապված կորոնավիրուսային հիվանդության տարածման  հետ, ուսումնասիրման փուլում են նաեւ պատգամավորների հեղինակած օրինագծերը:

Նախարարը նշել է, որ Հայաստանը հիվանդությունից պաշտպանիչ միջոցների պակաս այս պահին չունի. աշխատանքներ են տարվում մերմ երկրում դիմակներ եւ արտահագուստ կարելու գործում, քանի որ կորոնավիրուսը շուտ չի հեռանալու:

Արսեն Թորոսյանը հանրությանը կոչ է արել միշտ եւ ամենուր պահպանել հիգիենիկ վարքագծի կանոնները` այսօր եւ հետագայում եւս խուսափելու համար հիվանդությունների տարածումից:  Ի պատասխան հնչած հարցի`  նախարարն ասել է, որ կասկածներ կան հիվանդության կրկնվելու վերաբերյալ:

Անդրադառնալով տարածված որոշ տեսակետներին, թե կորոնավիրուս հիվանդություն չկա, նա պարզապես կարեւորել է նման կարծիք հայտնողների կրթական ցենզի բարձրացումը` նման անհեթեթություններ չտարածելու համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը  քննարկվող թեմայի շրջանակում անդրադարձել է զբաղվածության եւ սոցիալական աջակցության հարցերին` նշելով, որ ապրիլի 30-ի  դրությամբ 14 մլրդ 511 մլն դրամի աջակցություն է տրամադրվել շուրջ 1 մլն  264 հազար մարդու:

Հիվանդությունն աշխատաշուկայի վրա շատ բացասական ազդեցություն է ունենալու, որոշ կանխատեսումների համաձայն` գործազրկությունը մեր երկրում հասնելու է  գրեթե 19 տոկոսի, ինչն այժմ շուրջ 17,7 տոկոս է: Կանխատեսվում է, որ գրանցված գործազուրկների թիվը, որն այժմ 85900 է, կավելանա շուրջ 40000-ով: Նախարարությունը խնդրի լուծման համար որոշ քայլեր է ձեռնարկել` զբաղվածության ապահովման  երկու նոր ծրագիր է մշակել,  մյուս երկուսն էլ  մշակման փուլում են:

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության նոր ռազմավարությունը եւ գործնական միջոցառումները նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում կատարված եւ կատարվող աշխատանքներին է անդրադարձել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Հարցերի փուլում պատգամավորներն անդրադարձել են բժիշկների` այլ վայրում  աշխատելու, նրանց  իրավական պաշտպանվածության հարցին, որի առնչությամբ պարզաբանումներ է տվել նախարար  Արսեն Թորոսյանը: Նա վստահեցրել է, որ որեւէ բուժաշխատողի իրավունք չի  խախտվելու:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS