Տպել
04.05.2020
Քննարկվել են արդյունաբերական նմուշների պահպանությանը, առեւտրին եւ ներդրումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 6

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 4-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված համաձայնագրի նպատակն է կարգավորել կողմերի միջեւ ծառայությունների առեւտուրը եւ ներդրումների փոխադարձ պաշտպանությունն ու խրախուսումը: Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրով ստեղծվում է փոխշահավետ երկկողմ համագործության հիմք` ապահովելով ծառայությունների ազատ տեղաշարժ, գործարար հատվածի համար նպաստավոր պայմաններ:

Նախագիծը եւ համաձայնագիրը իրավական փորձաքննության են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժիններում. ստացվել է դրական եզրակացություն:

Պատգամավորների հարցերը վերաբերել են Հայաստան-Սինգապուր հարաբերություններին:

Հանձնաժողովականները կարեւորել են նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

«1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Արձանագրությամբ մասնակից պետություններն ընդլայնում են Եվրասիական արտոնագրային կազմակերպության` 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիայով նախատեսված գործառույթներն արդյունաբերական սեփականության նմուշների պահպանության բնագավառում: Ընդլայնելով արդյունաբերական սեփականության նմուշների պահպանության եվրասիական համակարգը եւ պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա ստեղծելով արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ` հնարավորություն է ստեղծվում  զարգացնելու ներքին շուկաները եւ բարձրացնելու իրենց տարածքների գրավչությունն առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար: Ըստ բանախոսի` այդպիսով կխթանվի նոր ապրանքատեսակների ստեղծումը եւ հնարավորություն կընձեռվի նոր աշխատատեղերի բացման համար:

Նաիրա Մարգարյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրել է արձանագրությունը` առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:

Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ստացել են դրական եզրակացություն: