Տպել
30.04.2020
Պատգամավորները քննարկել են մեր երկրի դատաիրավական համակարգի օրենսդրության կատարելագործմանն ուղղված օրինագծեր
1 / 8

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 30-ի նիստում քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Սոնա Ղազարյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած օրինագիծը: Նախագծով նախատեսվում է, որ վարույթն իրականացնող մարմինները քննչական գործողություններ կատարելու մասին իրենց միջնորդությունները եւս կարողանան էլեկտրոնային եղանակով ներկայացնել դատարան, այնուհետեւ այդ նույն եղանակով դատարանից ստանան փաստաթղթերը եւ ներկայացնեն դատախազին:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկել է նախագծին տալ դրական եզրակացություն՝ նշելով, որ մի շարք երկրներում փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով փոխանցելու համակարգն արդյունավետ գործում է:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հարակից զեկույցում մասնավորապես անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին՝ կապված գաղտնի տեղեկատվության փոխանցման ռիսկայնության հետ: Փոխնախարարն ընդգծել է, որ օրենքով գաղտնիք պարունակող փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով չեն ուղարկվում, իսկ քրեական գործի մասով քննիչն ինքն է որոշում նախաքննության գաղտնիքի սահմանը:

Հարցի առնչությամբ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե պատժից ազատելուն: Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե քանի տարի հետո կբացահայտվի նման հանցագործության կատարման մեջ ֆիզիկական անձի մեղավորությունը, պետությունը որեւէ արգելող հանգամանք չպետք է ունենա նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու ու քրեական պատասխանատվություն հարուցելու համար: Պատգամավորի համոզմամբ՝ սահմանադրական կարգի տապալումը լրջորեն վնասում է ՀՀ իրավական անվտանգությանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ պետք է միասնական մոտեցում ցուցաբերվի վաղեմության ժամկետի կիրառման հարցում: Նա առաջարկել է տալ բացասական եզրակացություն՝ վաղեմության ժամկետները ոչ թե հոդվածների, այլ մի խումբ հանցատեսակների դեպքում վերանայելու առաջարկ ներկայացնելով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ որեւէ նորմ գոյություն չունի, որը սահմանափակում է պետության հնարավորությունը՝ որոշակի խումբ հանցագործությունների համար վաղեմության ժամկետներ նախատեսելու կամ չնախատեսելու, բայց միջազգային փորձի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ տարբեր պետություններում ընտրված հանցագործությունների շրջանակը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, գրեթե նույնական են: Նրա խոսքով՝ վաղեմության ժամկետներ չպետք է կիրառվեն միայն այնպիսի հանցագործությունների դեպքում, որոնք ոտնձգություն են ընդհանուր խաղաղության, միջազգային անվտանգության, ժողովուրդների եւ պետությունների բարիդրացիական հարաբերությունների, մարդկության խաղաղ գոյության պայմանների դեմ եւ խոշտանգման ու վատ վերաբերմունքի դեպքում:

Կարեւորելով նախագծով առաջարկվող խնդիրը՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ դրա լուծման տարբերակն իրավիճակային է:

Նախագծի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Առաջարկվող կարգավորումներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված եւ չկապված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն շարունակելու են իրականացնել Հատուկ քննչական ծառայության քննիչները: Առաջարկվում է սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակը՝ իրավունք վերապահելով ՀՀ հատուկ ծառայությանը փոխանցել այն քրեական գործերը, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին կամ որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական ծառայություն իրականացնող անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:

Հարակից զեկույցում պատգամավոր Սերգեյ Ատոմյանը կարեւորել է առաջարկվող կարգավորումները եւ հորդորել կողմ քվեարկել:

Օրենսդրական փաթեթը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ գործող «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներից է հանդիսանում մտավոր սեփականության պաշտպանությունը: Մինչդեռ նախարարությունը՝ ի դեմս մտավոր սեփականության գործակալության, իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովման հետ կապված հիմնական գործառույթներ՝ ապահովելով գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների հայտերի ընդունումը, փորձաքննության անցկացումը, պահպանական փաստաթղթերի տրամադրումը, զբաղվում է մտավոր սեփականության պահպանության համակարգի եւ ստեղծարար արդյունաբերության զարգացմամբ, պատասխանատու է ՄՍ իրավունքների համապատասխան քաղաքականության մշակման եւ իրականացման համար: Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն իրականացնում են ՀՀ ոստիկանությունը, ՀՀ մաքսային ծառայությունը եւ ՀՀ դատարանները: Քանի որ, նախարարությունը չի իրականացնում օրենքում ամրագրված մտավոր սեփականության ոլորտին առընչվող գործառույթը՝ այն է մտավոր սեփականության պաշտպանությունը,  ուստի, ըստ զեկուցողի, անհրաժեշտություն է առաջացել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի Հավելվածի 15-րդ կետի «մտավոր սեփականության պաշտպանության» բառերը փոխարինել «մտավոր սեփականության պահպանության» բառերով: Նաիրա Մարգարյանի տեղեկացմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել մտավոր սեփականության ոլորտը կարգավորող առանձին օրենքներում եւս կատարել համապատասխան փոփոխություններ:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 125-րդ հոդվածում, համաձայն որի՝ խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել երեք լսում՝ գործող մեկի փոխարեն: Ըստ հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանի՝ երեք լսում հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է խմբակցությունների կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների արդյունքում բացահայտվող հասարակական հնչեղություն եւ կարեւորություն ունեցող  բազմաթիվ խնդիրներով, որոնք հիմք են հանդիսանում հանրային լայնամասշտաբ քննարկման եւ արդյունքում նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման համար:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա ընդգծել է, որ ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, ուստի, ըստ փոխնախարարի, անգամ գործող կարգավորումների պարագայում խմբակցությունների՝ լսումներ հրավիրելու իրավունքն ըստ էության չի իրացվել: Հետեւաբար գործադիրը հիմնավորված չի համարում նախագծով առաջարկվող փոփոխությունը:

Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ նախաձեռնությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախարարի խոսքով՝ այդ արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: Նախագծով ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանվում այն դեպքում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս դեպքում պատիժը կլինի ազատազրկումը՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե վերոնշյալ արարքները կատարվել են կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կլինի չորսից ութ տարի ժամկետով:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումը բխում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից եւ դրան կից «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրության հոդված 3-ից, Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա) հոդված 4-ից, ինչպես նաեւ Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ից, որը Հայաստանը ստորագրել է 2008 թվականին:

Այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Նա խոսել է հանցավորության կառուցվածքի, հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, անդրադարձել հանրության հետ իրավապահ համակարգի արդյունավետ գործակցությանը: Գլխավոր դատախազը կարեւորել է ոստիկանությունում հանցագործությունների հաշվառման գործընթացի բարելավումը: Նշվել է, որ վերջին տարիներին առավել վտանգավոր հանցագործությունների նվազում է նկատվում. գլխավոր դատախազն այս համատեքստում վիճակագրական տվյալներ է ներկայացրել, անդրադարձել հանցագործությոունների կատարման ու բացահայտման միջազգային փորձին: Անդրադարձ է կատարվել նախաքննության գործընթացին:

Պատգամավորներն անդրադարձել են հանցավորության դեմ պայքարում իրականացված աշխատանքին, որոշ հանցանքների բացահայտման հարցում տարվող քայլերին, համակարգի ծառայողների բարեխիղճ աշխատանքին, սպանությունների իրական պատճառների բացահայտմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուսումնասիրությանը եւ այլն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորների հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող երկու օրինագծերի, ինչպես նաեւ  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումները:

Հանձնաժողովը նիստի աշխատանքը կշարունակի մայիսի 4-ին՝ ժամը 10:00-ին:


30.04.2020
Քննարկվել են առողջապահության եւ սոցիալական ոլորտներին առնչվող նախագծեր
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ ապրիլի 30-ին քննարկել է «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագ...

30.04.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 30-ին հերթական նիստն է գումարել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում ընդգրկված էին երեք  օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են  հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Ընկերություն...

30.04.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

30.04.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ:...

30.04.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով։ ...

30.04.2020
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 04.05.2020 Ժամը 11:00 214 սենյակ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` 04.05.2020 Ժամը 11:00 414 դահլիճ, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ`...