Տպել
29.04.2020
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 10

Ապրիլի 29-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ Սահմանադրության 196-րդ ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 43-րդ հոդվածների համաձայն` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ՀՀ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակին, հանձնաժողովի գործունեությանը, լիցենզավորման գործընթացին, ինչպես նաեւ միջազգային համագործակցությանը: Ըստ բանախոսի` մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն` մեր երկիրը 19 կետով բարելավել է դիրքերը եւ զբաղեցրել 61-րդ տեղը: ՀՀ-ում 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հեռարձակում է իրականացրել 126 հեռուստառադիոընկերություն: Հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա գործել են 118 հեռուստառադիոընկերություններ: Հանձնաժողովը շարունակել է համագործակցել մի շարք երկրների մեդիակարգավորող մարմինների եւ միջազգային կազմակերպությունների ու հարթակների հետ` ուսումնասիրելով ոլորտի օրենսդրությունը, կիրառման մեխանիզմները, կարգավորման առաջատար փորձը: Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին` Տիգրան Հակոբյանն անդրադարձել է նաեւ գործող օրենքների անկատարությանը, մասնավոր հեռուստառադիոընկերությունների գործունեությանը, հայրենական արտադրանքի ծավալի աճին վերաբերող հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվելու` վերահաստատելով եթերն աղբից մաքրելու պատրաստակամությունն ու հետեւողական քայլերի ձեռնարկումը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Ըստ հեղինակի` նախագծի ընդունումով կվերանան խոչընդոտներն աշխատաշուկայում: Առաջարկվել է սպորտի բնագավառում ընձեռել իրավական հնարավորություն` կնքել աշխատանքային պայմանագիր արտասահմանից ժամանած օտարերկրացի պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող մարզիկների հետ, որով նրանք կազատվեն աշխատանքի թույլտվություն ստանալու պարտադիր պահանջից:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, կարեւորելով նախագծի անհրաժեշտությունը, առաջարկել է կողմ քվեարկել:

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ գործադիրը եւս առարկություններ չունի:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

«Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: 2012թ. հունիսի 20-26-ը Պեկինում կայացած տեսալսողական կատարումների պահպանության դիվանագիտական համաժողովում է ընդունվել պայմանագիրը, որով կարգավորվում են դերասանների` կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության միջոցով հաղորդվող կատարումները, ինչպես նաեւ երաժշտական կատարումները, երբ դրանք ամրագրված են տեսասկավառակների վրա կամ որեւէ այլ տեսալսողական հարթակում: Պեկինյան պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ըստ հիմնական զեկուցողի, պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ եւ կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրմամբ:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած «ՀՀ պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Ըստ բանախոսի` նախագծով սահմանվում են ՀՀ պետական մրցանակները եւ կարգավորվում դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները: Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, հստակեցվել է հանձնաժողովների ձեւավորման կարգը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունն ստացել է դրական եզրակացություն:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության իրավական հիմքերն ապահովելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչեւ 2030 թվականը կայուն զարգացման օրակարգում» ներառված պահանջներով:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանմանը, ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքներին` ընդգծվել է համընդհանուր ներառականության եւ մատչելիության ապահովումը, երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, անդրադառնալով նախագծին, պատասխանել է հանձնաժողովականների` նախադպրոցական հաստատությունների գործունեությանը, լիցենզավորմանը, վերապատրաստումներին, մարզային տեսչական խմբերի ձեւավորմանն ու գործունեությանը վերաբերող հարցերին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն արժեւորել է կատարված աշխատանքը` անդրադառնալով որոշ սկզբունքային դրույթների: Նա ընդգծել է նախադպրոցական կրթությունից հանրակրթություն սահուն անցման ապահովումը, մասնավոր ու պետական նախադպրոցական հաստատությունների մրցունակությունը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ նախագծով համակարգային մի շարք լուծումներ են առաջարկվել եւ հորդորել է կողմ քվեարկել:

Քննարկված նախագիծը եւս ստացել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը»` իր ղեկավարած գերատեսչության գործունեության մասով:

Բանախոսն առանձնահատուկ կարեւորել է կրթական համակարգի բարեփոխումները: Նշվել է, որ ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108.8 հազար դրամ, ընդ որում աշակերտների թվից կախված` որոշ ուսուցիչների աշխատավարձը կարող է ավելի բարձր լինել: Շուրջ մեկ միլիարդ դրամով ավելացվել է ավագ դպրոցների ֆինանսավորումը, վերացվել է դպրոցի ուսուցիչների աշխատավարձի նվազման վտանգը, որն առաջացել էր նախորդ ֆինանսավորման բանաձեւը փոխելու հետեւանքով:

2019-2020թթ. ուսումնական տարում Երեւանում իրականացվել է փորձնական ծրագիր, որի շրջանակում հանրակրթական դպրոց հաճախող շուրջ 13.000 երեխայի ընդունելությունն առաջին դասարան իրականացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ստեղծվել է Բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակը` Studyinarmenia.am, մշակվել են միջազգայնացման ցուցիչները եւ գործիքակազմը:

2019 թվականի ավարտին բոլոր մարզերում ստեղծվել են ռոբոտաշինության եւ ինժեներական 575 լաբորատորիաներ, որոնցում ընդգրկվել են շուրջ 7000 սովորողներ:

2019 թվականի ընթացքում ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում իրականացվել են պահպանությանը, տարածմանը, փոխանցմանն ու հանրահռչակմանն ուղղված 22 ծրագրեր:

Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Վերոնշյալ զեկույցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է իր ղեկավարած գերատեսչության մասով: 2019 թվականի հունիսի 11-ին է ձեւավորվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: 2019 թվականին գրասենյակի աշխատանքը միտված է եղել գործունեության հիմնական ուղղությունների հստակեցմանը եւ առաջիկա տարիներին աշխատանքի ծրագրմանը: Հաշվետու ժամանակահատվածում երկու փուլով իրականացվել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցել են 13-18 տարեկան 357 սփյուռքահայ պատանիներ 28 երկրներից: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են հայոց լեզվի, հայկական երգ ու պարի դասընթացներ, այցելություններ Հայաստանի գիտակրթական եւ նորարական կենտրոններ, պատմամշակութային վայրեր, գյուղական համայնքներ: Տեղի են ունեցել հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ: Կյանքի են կոչվել նաեւ Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման, մշակութային գործիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացները: Երեւանում տեղի է ունեցել 5-րդ Հայ բժշկական համաշխարհային համագումարը, Հայկական առեւտրային ցանցի Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը, «Ակցիա առողջություն. Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը:

Զարեհ Սինանյանը պատասխանել է հանձնաժողովականների հարցերին, որոնք վերաբերել են հայրենադարձությանը, ներգաղթի ապահովման համապատասխան ծրագրերին, հայրենադարձության մասին օրենսդրական նախաձեռնությանը: