Տպել
28.04.2020
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 36

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որում ընդգրկված էին երեք օրենսդրական նախաձեռնություններ: Նախագծերից երկուսի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ որոշմամբ կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով` առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության տարաբնույթ, այդ թվում նաեւ` տնտեսական եւ ֆինանսական, հետեւանքների չեզոքացման եւ վերացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում:

Նախարարը հայտնել է, որ համավարակը բացասական ազդեցություն է ունեցել բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ` Հայաստանի տնտեսության վրա: Դրան նպաստել եւ նպաստում են բազմաթիվ արտաքին եւ ներքին գործոններ, ինչպիսիք են, մասնավորապես, աշխարհում մետաղների եւ նավթի գների անկումը, զբոսաշրջության կրճատումը, ակնկալվող մասնավոր տրասֆերտների նվազումը եւ այլն:

Կատարված էկոնոմետրիկ հաշվարկների համաձայն` Հայաստանում տնտեսական անկումը կանխատեսվում է 2 տոկոսի չափով: Ըստ որոշ հաշվարկների` համաշխարհային տնտեսության անկումը կանխատեսվում է շուրջ 3 տոկոսի չափով, ինչը ենթադրաբար բացասական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի տնտեսության վրա:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ վերոնշյալ արտաքին ազդեցություններից բացի մեր երկրի տնտեսության վրա բացասաբար են անդրադառնում նաեւ ներքին սահմանափակումները, որոնք պայմանավորված են հայտարարված արտակարգ դրությամբ:

Ուստի, տնտեսական անկման հետեւանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամի սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթներ ուղղել մի շարք միջոցառումների իրականացման համար: Այսպես` 25 մլրդ դրամ կուղղվի ձեռնարկություններին, 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրերին, 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերին, եւ 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ, անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

Վերոնշյալ տնտեսական անկման պայմաններում գնահատվել է, որ 2020 թվականին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը եւ ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները` պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:

Նախարարն աննախադեպ է գնահատել ներկա ճգնաժամը, քանի որ դրա դրսեւորումներն էապես տարբերվում են նախկինում արձանագրված ճգնաժամերից:

Ատոմ Ջանջուղազյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին եւ հավաստիացրել, որ բյուջեով նախատեսված բոլոր սոցիալական եւ պարտադիր ծախսերն անփոփոխ են մնալու, բյուջետային վերաբաշխումները կատարվելու են թափանցիկ, հանրությունը տեղյակ է լինելու բոլոր փոփոխություններից, եթե դրանք գաղտնիք չպարունակեն:

Նախարարի տեղեկացմամբ` Կառավարության նախատեսած սոցիալական եւ տնտեսական միջոցառումների շրջանակում նախորդ օրվա դրությամբ շուրջ 48 մլրդ դրամի հատկացումներ արդեն կատարման փուլում են:

Պատգամավորները փորձել են պարզել, թե արդյոք Կառավարության վարած քաղաքականությունը համահունչ է բյուջետային ծրագրավորման գործընթացին, ինչպիսին է ՀՆԱ-ի կանխատեսումների ոլորտային կառուցվածքը:

Հարակից զեկուցող ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի գնահատմամբ` ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բյուջետային ծախսերը վերանայման կարիք ունեն: Պատգամավորը հստակեցրել է, որ բյուջեի ծախսերի մակարդակը գրեթե նույնն է մնում, բայց ակնկալվող եկամուտները հնարավոր չէ ստանալ, որով պայմանավորված էլ առաջարկվում է պետական դեֆիցիտի սահմանաչափը բարձրացնել: Նշվել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավորները, խոսելով նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունների մասին, անդրադարձել են արտակարգ դրության պայմաններում տնտեսական քաղաքականության իրականացման խնդիրներին, քաղաքացիների եկամուտների նվազման հետեւանքներին, կորոնավիրուսով պայմանավորված պետական ֆինանսների վերանայման նպատակահարմարությանն ու ճգնաժամային իրավիճակում հարկերի հավաքագրման գործընթացին: Պատգամավորների մի մասը մտահոգիչ է համարել նախագծով խորհրդարանի լիազորությունների սահմանափակումը, իսկ մյուս մասը կարեւոր է համարել նման իրավիճակում Կառավարությանը տրամադրել գործիքներ` ավելի ճկուն բյուջետային քաղաքականություն իրականացնելու համար:

Նախաձեռնության վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա առաջարկել է ստեղծված իրավիճակում պահպանել կամ շատ քիչ կրճատել սպառման մակարդակը: Միքայել Մելքումյանը հետաքրքրվել է, թե որ ուղղություններով է Կառավարությունը նախատեսում իրականացնել կապիտալ ծախսերը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը նեկայացրել է հինգ առաջարկ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Մխիթար Հայրապետյանը: Նա ընդգծել է, որ այս տարվանից հետո խորհրդարանի վերահսկողական գործիքակազմն ավելանալու է եւ, ըստ պատգամավորի, հարցը նրանում է, թե դրանից որքանով կօգտվեն պահանջատեր պատգամավորները: Մխիթար Հայրապետյանը նշել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները ժամանակավոր են, դրանք գործելու են մինչեւ տարեվերջ: Օգտակար եւ կառուցողական համարելով քննարկումը` պատգամավորը նշել է, որ ստեղծված իրավիճակում արվում է առավելագույնը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է ելույթներում հնչած հարցադրումներին: Նա նշել է, որ բյուջեով նախատեսված միջոցառումներն իրականացվելու են ամբողջ ծավալով: Նախարարը վերահաստատել է, որ առաջարկվող նախագծով որեւէ ոտնձգություն չի արվում խորհրդարանի իրավասություններին եւ չի էլ կարող արվել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում իրավական համակարգը պատրաստ չէր համավարակին` այս դրսեւորմամբ: Կորոնավիրուսի համավարակը առաջ է բերել մի շարք միջոցառումների իրականացման անհրաժեշտություն. դրանք օրենսդրորեն հաշվի չեն առնվել, իսկ հաշվի առնված լինելու դեպքում` արագ արձագանքման տեսանկյունից խնդիրներ են առաջացրել: Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո հաշվի կառնվեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների առաջարկները:

Գործադիրն առաջարկում է հստակեցնել պարետի եւ պարետատան կարգավիճակը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ, ով իրականացնում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգում է կիրառվող միջոցառումների իրականացումը: Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել ակտեր որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված, այդ թվում նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների առաջարկների հիման վրա` Կառավարության որոշմամբ պետք է պարետատունը ստեղծվի, իսկ պարետը անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել պարետատան գործունեության կարգ:

Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ: Սահմանվել է սահմանափակման ենթակա անձի իրավունքը` տեղեկացված լինելու սահմանափակման պատճառների մասին եւ տեղեկացնելու իր իրավունքների սահմանափակման մասին նաեւ իր նախընտրած անձին: Պատգամավորների առաջարկների հիման վրա վերոնշյալ դրույթն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխության կենթարկվի. անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձեւակերպումը, ապա բանավոր կարգադրությամբ` պայմանով, որ սեղմ ժամկետում կհետեւի գրավոր կարգադրությունը:

Փոխնախարարի խոսքով` նախատեսվել է պայմանով միջոցառումների իրականացման հնարավորությունը, հստակեցվել է Կառավարության կողմից աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի անցումային դրույթներով հստակեցվել է, որ պարետը եւ պարետատունը կշարունակեն գործել նոր կարգավորումների տրամաբանությամբ, իսկ պարետի կողմից ընդունված ակտերը կշարունակեն գործել որպես փախվարչապետի համապատասխան իրավական ակտեր:

Պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում եւ իրենց ելույթներում բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման կարգավորմանը, մեկուսացած եւ ինքնամեկուսացված աշխատողներին փաստաթղթի տրամադրմանը, մինչ այժմ արտակարգ դրության խախտման համար եղած վարչական տույժերի չեղարկման հնարավորությանը եւ այլն: Նրանք անդրադարձել են արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքների պաշտպանությանը, նրանց աշխատավարձերի պահպանմանը, գործատու-աշխատող փոխհարաբերություններին, կամավոր աշխատող բուժաշխատողների վարձատրությանը, խոսել հեռավար կրթության խնդիրների մասին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Տարոն Սիմոնյանը: Նա նշել է, որ իրենք մասնագիտական առաջարկների փաթեթ են ներկայացրել:

Հայտնելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է գործատու-աշխատող հարաբերություններին առնչվող որոշ խնդիրների:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին. այս մասին բարձրաձայնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձել է պատգամավորների ներկայացրած իրավական հարցադրումներին:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել Աշխատանքային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում:

Փոխնախարարի խոսքով` Աշխատանքային օրենսգրքում նախատեսվել են որոշ պարզաբանումներ եւ սահմանումներ, որոնք, ըստ զեկուցողի, կհեշտացնեն համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները: Նախաձեռնությամբ սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ինչպես նաեւ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը:

Առաջարկվում է, որ հեռավար եղանակով իրականացվող աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ճկուն, արագ արձագանքել հեռավար աշխատանքը կազմակերպելուն եւ ազատել գործատուին` նախապես ծանուցելու հեռավար աշխատանքի անցնելու հետ կապված: Սահմանվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում այլ կարող է չվճարել: Այս փոփոխության պարագայում եւս գործատուն ցանկության դեպքում կարող է նշված դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակ վճարել աշխատողին:

Մեկ այլ փոփոխության արդյունքում գործատուն իրավունք չի ունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ: Նախատեսվում է նաեւ, որ մինչեւ ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքից երկու ժամ ուշանալու դեպքում աշխատավարձը վճարել ամբողջությամբ, իսկ երկու ժամից ավել ուշանալու դեպքում վճարել փաստացի կատարած աշխատանքի համար:

Արման Ուդումյանի տեղեկացմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Աշխատանքային օրենսգրքերում առաջարկվող փոփոխության համաձայն` Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք է վերապահվում անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված բողոքների հիման աշխատանքային իրավունքների նկատմամբ իրականացնել վերահսկողություն:

Օրենսդիրները, վկայակոչելով օրենսգրքի համապատասխան դրույթները, բարձրաձայնել են աշխատողների իրավունքների պաշտպանությանը, գործատուների կողմից նրանց իրավունքների խախտման դեպքերին, արտակարգ դրության պայմաններում պետության կողմից ձեռնարկվող քայլերին, Առողջապահության տեսչական մարմնին որոշակի լիազորություններ օժտելու նպատակահարմարությանը վերաբերող խնդիրներ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը վստահեցրել է, որ երկրորդ ընթերցումից առաջ կլինի նախագծի առավել համապարփակ տարբերակ:

Օրվա ավարտին պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի ապրիլի 29-ին` ժամը 11:00-ին:


28.04.2020
Քննարկվել են երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում փոփոխություններ կատարելուն եւ ֆինանսական ոլորտին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ ապրիլի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է ՀՀ ԱԺ ապրիլի 28-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ...

28.04.2020
«COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) աջակցությամբ ապրիլի 27-ին տեղի է ունեցել «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձն...

28.04.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...