Տպել
28.04.2020
Քննարկվել են երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում փոփոխություններ կատարելուն եւ ֆինանսական ոլորտին առնչվող օրինագծեր
1 / 11

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ ապրիլի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է ՀՀ ԱԺ ապրիլի 28-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում բռնկված եւ կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված կորոնավիրուսային վարակը 2020թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես պանդեմիա, քանի որ վարակի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը: Նրա հավաստմամբ՝ վիրուսի ինտենսիվ տարածումը հղի է նաեւ լուրջ տնտեսական հետեւանքներով թե՛ միջազգային, թե՛ տեղական մասշտաբով: Բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով համաշխարհային եւ առանձին երկրների տնտեսական զարգացումները կընթանան ելակետայինի համեմատ ավելի վատատեսական սցենարներով:

Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետեւանքների (այդ թվում նաեւ՝ տնտեսական) չեզոքացման եւ վերացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ 2020թ.-ի պետական բյուջեում՝ ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմ:

Նախարարի խոսքով՝ պատմական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները նվազում են ավելի շատ, քան ՀՆԱ-ն, հետեւաբար տեղի է ունենում նաեւ հարկեր/ՀՆԱ-ի անկում: Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած ներքին եւ արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ սպասվում է նաեւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նվազում: 2020թ. անվանական ՀՆԱ-ն պետական բյուջեի հիմքում դրված ՀՆԱ-ի նկատմամբ կլինի ավելի ցածր: Հաշվի առնելով նաեւ հարկեր/ՀՆԱ-ի կրճատումը՝ 2020թ.-ին սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում: Այս պարագայում պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կաճի եւ անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաեւ պետական պարտք՝ ներքին եւ արտաքին աղբյուրներից: ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների եւ արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաեւ Կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020թ-ին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով: Տնտեսական անկման պայմաններում գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը եւ ներառելով 150 մլդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները՝ պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլդ դրամ: 2020 թ-ին նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճի փոխարեն կարձանագրվի 2 տոկոս անկում:

Կիրականացվեն նախատեսված բոլոր սոցիալական ծրագրերը: Բյուջեի ծախսային մասը չի նախատեսվում նվազեցնել, ինչն, ըստ բանախոսի, կմեղմի սպասվելիք կորուստները:

Պատգամավորները բարձրաձայնել են բազմաթիվ հարցեր:

Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը հարակից խոսքում կարեւորել է Կառավարությանը պետական բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությամբ օժտելն ու գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...