Տպել
24.04.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1 / 12
Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ եւ կին, ծեր եւ երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին:

Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն էր: Վստահ եմ, որ ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, ճանաչումը եւ արդարացի հատուցումը չունի որեւէ այլընտրանք:

Որպես այդ արհավիրքի միջով անցած եւ վերապրած ժողովուրդ` մենք հանձնառու ենք բոլոր պատեհ առիթներով բարձրաձայնել ոչ միայն մեր նախնիների նկատմամբ իրագործված ցեղասպանության, այլեւ Մեծ եղեռնին հաջորդած այլ ցեղասպանությունների մասին, որպեսզի թույլ չտանք մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնումը: