Տպել
13.04.2020
Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝  ապրիլի 13-ին իրավունքի ուժով գումարել է  Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու եւ ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N-298-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» հարցը:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը  տեղեկացրել է, որ  Կառավարությունն առաջարկում է 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17-00-ն, երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը, քանի որ չեն վերացել արտակարգ դրություն հայտարարելու  համար հիմք հանդիսացած արտակարգ իրավիճակի հիմնական պատճառները:

Ըստ Կառավարության ներկայացրած  նախագծի՝ ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է Covid-19 կորոնավիրուսային հիվանդությամբ     վարակվելու 1039 դեպք,   առողջացել է 211 քաղաքացի, գրանցվել է մահվան 14 դեպք:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է աշխարհում համաճարակի տարածման աղետալի չափերն ու վարակի  դեմ պայքարի ձեւերը՝ փաստելով, որ երկրներն ու հասարակությունները  պատրաստ չէին դիմակայելու  աղետին:  Ըստ նրա՝ այս պահին արդեն ակնհայտ է, որ համավարակի դեմ չկա պայքարի բացարձակ արդյունավետ ռազմավարություն, անհնար է վարակն ամբողջությամբ վերացնել, իսկ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ, եթե ոչ մեկ տարի անց:

Փոխվարչապետի տեղեկացմամբ՝ Հայաստանի մշտական բնակչության մոտ 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ, ելնելով տարիքից եւ անկախ առողջական վիճակից, վարակի տեսանկյունից  համարվում  է ռիսկային: Մեծ թիվ են կազմում նաեւ խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները: Մասնավորապես՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապում է 77 հազար 418   քաղաքացի, սրտի իշեմիկ հիվանդություն ունի 71 հազար 25 քաղաքացի, հիպերտենզիա ունի 145 հազար 408 քաղաքացի: Ամենառիսկային խմբում են այն քաղաքացիները, որոնք ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն եւ գտնվում են ռիսկային տարիքում:

Փոխվարչապետը ներկայացրել է տվյալներ, թե ինչպիսին կլիներ կորոնավիրուսային վարակի տարածվածությունը, եթե Կառավարությունը ժամանակին չձեռնարկեր հայտնի սահմանափակող միջոցառումները: Ըստ այդմ, եթե չլինեին սահմանափակումները, ապա այս պահին Երեւանում կարող էին լինել շուրջ  30 հազար վարակված մարդիկ եւ հարյուրավոր մահեր:

Հիվանդության տարածումը  կանխարգելելու համար Կառավարությունը նախատեսել է թիրախային միջոցառումներ, որոնք  բաժանված են չորս փուլի. ըստ պարետի՝ այժմ գտնվում ենք երրորդ փուլում, ինչը ենթադրում է քաղաքացիների ավելի ինտենսիվ տեղորոշման գործիքակազմի կիրառում, խիստ սահմանափակումներ եւ թեստավորման ծավալների ընդլայնում:

Նշվել է, որ տեղորոշման գործիքն արդեն կիրառվում է, եւ համակարգն ավտոմատ կերպով պարզում է այն անձանց շրջանակը, որոնք կամ վարակված են, կամ շփվել են վարակակրի հետ:

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ տեղաշարժի սահմանափակումներն ապրիլին  պահպանվելու են: Հանրային տրանսպորտի, այդ թվում նաեւ   միջմարզային տրանսպորտի  աշխատանքը մնալու է արգելված,  անձանց ազատ տեղաշարժի իրավունքը եւս մնալու է սահմանափակված, սահմանափակված է մնալու նաեւ օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Վարակի տարածման դինամիկայից ելնելով՝ մայիսից կարող են վերանայվել սահմանափակումները, ասել է փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անունից խոսելով՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ի թիվս մի շարք խնդիրների բարձրաձայնել է նաեւ չգրանցված, օրավարձով աշխատող քաղաքացիների հարցը, անդրադարձել գյուղացիական վարկերի տրամադրման հետ կապված խնդիրներին, այս շրջանում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտներին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անունից խոսել է Վլադիմիր Վարդանյանը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է արտակարգ դրությունը երկարաձգելու սահմանադրական հիմքերին եւ այս հարցում միջազգային իրավական պարտավորություններին: Նրա գնահատմամբ՝ արտակարգ դրությունը սահմանափակում է մարդու որոշակի իրավունքների իրագործումը, սակայն այդ սահմանափակումները հետապնդում են իրավաչափ նպատակ եւ համաչափ են: Մեջբերելով միջազգային փաստաթղթերի պահանջները՝ Վլադիմիր Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ այո, ռեժիմի երկարաձգումը պետք է խորհրդարանական վերահսկողության առարկա դառնա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, խոսելով հանձնաժողովի անունից, ընդգծել է, որ արտակարգ դրության նպատակը համավարակը կառավարելի դարձնելն է: Համավարակի կանխարգելման հարցում նա կարեւորել է քաղաքացիների եւ իշխանությունների համատեղ պայքարը: Հանձնաժողովի նախագահը խոսել է չգրանցված աշխատողների, վարկային արձակուրդի տրամադրման խնդիրներից, հարկային ժամկետանց պարտավորություններից եւ կառավարության կողմից իրականացվող սոցիալական թիրախային ծրագրերից: Բաբկեն Թունյանը կարեւորել է գործատուի կողմից աշխատողների գրանցումը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է պարետի ու պարետատան գործունեությանը: Նա նշել է, որ իրենք առաջարկում են տրամաբանական սահմանափակումներ մտցնել. սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ առաջարկվում է թույլատրել Երեւանի մետրոպոլիտենի եւ ավտուբուսների աշխատանքը, շինանյութի, տնտեսական ու սպորտային նշանակության իրերի վաճառքով զբաղվող խանութների, արհեստագործական նշանակության կետերի գործունեությունը, միջմարզային տրանսպորտի գործունեությունը՝ շինարարական ու գյուղատնտեսական աշխատանքների ապահովման նպատակով եւ այլն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Միքայել Մելքումյանը՝ արձանագրելով՝ այս հարցում պետք է բալանսավորված մոտեցում ցուցաբերվի. առաջինը՝ կա առողջության անվտանգության խնդիր, երկրորդը՝ հանրային կյանքի եւ տնտեսության փլուզման խնդիր, երրորդը՝ բիզնեսի ու սոցիալական խնդիր, եւ այստեղ մեկը մյուսին չպետք է հակադրել: Այս ընթացքում «Բարգավաճ Հայաստանը» կառավարությանը ներկայացրել է 27 դրույթ, 7 հրատապ կետ, կառավարության որոշմամբ սահմանված աջակցության 3 փաթեթ, նաեւ օրենսդրական 3 նախաձեռնություն է մշակել: Միքայել Մելքումյանն անդրադարձել է համավարակի հաղթահարումից հետո իրականացվելիք քայլերին եւ առաջարկներ ներկայացրել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Սուրեն Գրիգորյանը: Անդրադառնալով արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ գործընկերների մտահոգություններին՝ պատգամավորը փաստել է, որ այն անընդհատ կարող է երկարաձգվել, եթե կիրառվող միջոցները համաչափ կլինեն եւ անհրաժեշտ: Նա վկայակոչել է նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 107-րդ հոդվածը, որով արտակարգ դրության պայմաններում ցանկացած ժամանակ խմբակցությունը կարող է նախաձեռնել առանձին միջոցառումներ չեղարկելու կամ արտակարգ դրության ռեժիմը վերացնելու գործընթաց: Պատգամավորը վերստին ընդգծել է՝ գործընթացը խորհրդարանական ամենօրյա վերահսկողության տակ պետք է լինի:

Եզրափակիչ ելույթում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին ու առաջարկներին:

Նիստի ավարտին քվեարկության է դրվել ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրության» իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը, որը չի ընդունվել:

ԱԺ հատուկ նիստը, սպառելով օրակարգը, ավարտել է աշխատանքը:


13.04.2020
Գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 13-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն` օրենսդրական նախաձեռնությունների երկր...

13.04.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «...

13.04.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է նաեւ ապրիլ...

13.04.2020
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

13.04.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկար...

13.04.2020
Նիստ կգումարի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը
Այսօր՝ Ժամը 16:30-ին, ԱԺ 414 սրահում տեղի կունենա ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգը՝ կից:...