Տպել
06.04.2020
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5
Ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով, որի համաձայն ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար ոչ ավելի, քան տարեկան չորս օր չվճարվող արձակուրդի իրավունք կունենան: Պատգամավորի տեղեկացմամբ` Հայաստանում առկա է 11 ազգային փոքրամասնություն:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի` գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից: Կառավարությունը մասնավորապես առաջարկում է ազգային, կրոնական տոները կամ հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի, քան տարեկան չորս օր տրամադրել չվճարվող արձակուրդ: Նախատեսված արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է աշխատողից գրավոր պահանջել գրավոր հիմնավորում:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: