National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.3.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
25.03.2020
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 41

Մարտի 25-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Չեն ընդունվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը տեղափոխել գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Առաջարկը քվեարկության արդյունքում ընդունվել է:

Այնուհետեւ խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախաձեռնությամբ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումները ձեռք են բերվելու եւ տեղադրվելու ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին:

Գլխադասային` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունման դեպքում 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը):

Գլխադասային` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը: Նա նշել է, որ նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ կոչ արել կողմ քվեարկել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով` «Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների միջեւ 2019թ. փետրվարի 1-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: Փաստաթղթով սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներում նավերի նավարկության կարգը, որով նախատեսվում է դյուրացնել ԵԱՏՄ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ, երկկողմ եւ տարանցիկ բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաեւ նավերի քարշակումը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամփուխչյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են Կառավարության հեղինակած «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրությունը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին` Մինսկում: Ըստ փոխնախարարի` արձանագրության վավերացումը հնարավորություն է տալիս մեր երկրի ազգային զինված ուժերը, այլ զորքերը, զինվորական կազմավորումները, իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները եւ զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորումները սպառազինելու եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ընթացքում հետեւել գնագոյացմանը, ինչպես նաեւ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան ձեռք բերել մատակարարող կողմի` սեփական ազգային զինված ուժերի համար գնագոյացումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ նախարարի, բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկվող խնդրից` գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց` կալանքին, ինստիտուտը բացառելու համատեքստից: Ըստ այդմ` առաջարկվում է գրավը սահմանել որպես խափանման առանձին միջոց, եւ հնարավորինս բացառել ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը պրակտիկայում:

Օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 արտահայտած իրավական դիրքորոշումներին, անձի անձնական ազատությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթերին, ինչպես նաեւ կատարելագործելու նպատակով փոփոխություններ կկատարվեն խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական այլ նորմերում, ուժը կորցրած կճանաչվեն իրավակիրառ պրակտիկայում փաստացի չգործող դրույթները:

Նշենք, որ ըստ նախագծի` գրավ կիրառվելու է բացառապես մինչդատական վարույթում, նաեւ սահմանվում է, որ կալանք կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:

Պատգամավորներից ոմանք մտահոգություն են հայտնել, որ գրավով չազատազրկվելուց կարող են օգտվել միայն ֆինանսապես ապահովված քաղաքացիները, ինչն անարդար կլինի սոցիալապես անապահով անձանց նկատմամբ:

Նախատեսվում է գրավի նվազագույն չափ սահմանել 200 հազար դրամ` անկախ հանցագործության տեսակից: Ելույթ ունեցող որոշ պատգամավորներ ներկայացրել են իրենց մտահոգությունները` նշելով, որ քննիչին տրվող հնարավորությունը` սահմանել կամ չսահմանել գրավ, կարող է չարաշահումների եւ կոռուպցիայի պատճառ հանդիսանալ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի տեղեկացմամբ` առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողութամբ առեւտրային գովազդ հեռարձակելու իրավունք, ինչպես եղել է մինչեւ 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունները:

Հանրային հեռուստաընկերությունը պահպանելու է նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:

Առաջարկվում է կարգավորել նաեւ սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես` սոցիալական գովազդը, կախված եթերաժամից, կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով: Այս նպատակով սահմանվում են հստակ ժամեր:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը խոսել է նախագծի դրական եւ խնդրահարույց կետերից` նշելով, որ վերապահումներ ունի գովազդի քանակի եւ բովանդակության մասով: Պատգամավորը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարծիք է հայտնել, որ հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունք տալը ներկա պայմաններում կարող է մի կողմից դժվարություններ ստեղծել մասնավոր հեռուստաընկերությունների համար, մյուս կողմից էլ կարող է նպաստել նույն մասնավորի շահերի եւ նրանց ֆինանսական դիրքերի ամրապնդմանը: Նա անդրադարձել է գնագոյացման եւ դաշտում մրցակցային պայմանների ապահովման խնդիրներին:

Աննա Կոստանյանն անդրադարձել է նախագծի վիճահարույց դրույթներին, փաստաթղթի ընդունման դեպքում կարեւորել պատշաճ վերահսկողությունը` ազատ մրցակցության ապահովման եւ դրա խաթարման դեմ փորձերը կանխելու նպատակով:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ` նախաձեռնությամբ ազատականացվում է գովազդի շուկան, հանրայինին վերադարձվում է կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքը` վերապահելով հավասարակշռող դեր, իսկ մասնավորը հնարավորություն է ունենում ավելի ազատ աշխատել, գովազդ գնել ու վաճառել: Ըստ խորհրդարանի փոխնախագահի` կստեղծվի այլընտրանք մենաշնորհված դաշտում:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` տարիներ շարունակ գովազդի շուկան, հեռուստաընկերությունները դիտվել են որպես քաղաքական ճնշման գործիք ընդդիմախոսների նկատմամբ: Նրա համոզմամբ` նախագիծը հնարավորություն կտա շուկան ազատելու մենաշնորհներից:

Սոֆյա Հովսեփյանը, շուկայի ազատականացմանը կողմ լինելով, սոցիալական գովազդի բովանդակության առնչությամբ մտահոգություններ է հայտնել` կարեւորելով պատշաճ վերահսկողությունն այս հարցում:

Նիկոլայ Բաղդասարյանը փորձել է պարզաբանում ստանալ նախագծի որոշ դրույթների առնչությամբ:

Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով իր եւ «Իմ քայլը» խմբակցության տեսակետները, համոզմունք է հայտնել, որ ստեղծվելու է մրցակից նոր կազմակերպություն, որը կարգավորելու եւ կառավարելու է գովազդի շուկան` հանրայինի մասնակցությամբ: «Սրանով մեր քաղաքական հերթական խոստումն ենք կատարում` անխնա եւ անհանդուրժող պայքար մենաշնորհների դեմ»,-փաստել է պատգամավորը:

Եզրափակիչ ելույթում Վահագն Թեւոսյանն ընդգծել է, որ նոր կազմակերպության ձեւավորումը նոր գնագոյացման պայմաններ է ստեղծելու ու մրցակցային միջավայր է ապահովելու:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի գնահատմամբ էլ նախագիծը ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցներ է ապահովելու հանրային հեռուստաընկերությանը, այլ նաեւ շուկայի ազատականացման հավասար պայմաններ է ստեղծելու, ինչը բարձրացնելու է հեռուստաընկերությունների կողմից հաղորդումների որակը: Եզրափակիչ ելույթում նա անդրադարձել է նաեւ գործընկերների մտահոգություններին:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Օրենսդրությամբ դատավոր դառնալու համար անհրաժեշտ է իրավագիտության բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճան: Հեղինակների առաջարկով` եթե թեկնածուն չունի մագիստրոսի որակավորում, ապա պետք է ունենա բակալավրի որակավորում եւ 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը խնդիր է տեսնում այն համատեքստում, որ դժվար է տեսական գիտելիքները փոխարինել գործնական գիտելիքներով եւ հակառակը: Նա նման փոփոխության անհրաժեշտությունը չի տեսնում, եւ այն համարում է ժամանակավրեպ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է կառավարության բացասական եզրակացությունը: Փոխնախարարը, օրենսդրական նախաձեռնությունը ռիսկային համարելով, կարծիք է հայտնել, որ դատավորի թեկնածուին ներկայացվող հիմնական բազային չափանիշները չպետք է թուլացվեն:

Օրենսդիրներն իրենց ելույթներում անդրադարձել են փաստաթղթով առաջարկվող փոփոխություններին, մատնանշել դրական եւ բացասական կողմերը` առաջարկելով առաջին ընթերցմանը կողմ քվեարկել եւ խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու հնարավորություն տալ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնող Արման Աբովյանը եւս կարեւորել է առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելը եւ մինչ երկրորդ ընթերցում բոլոր կողմերի համար նախընտրելի տարբերակ գտնելը: Նրա գնահատմամբ` դատավորի պաշտոնին հավակնող քաղաքացին պետք է առավելագույնս պատրաստված լինի:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են հերթական նիստերի օրակարգում ընդգրկված նախագծերը:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Նշենք, որ վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանել են օրենսդիրների հարցերին:


25.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Մարտի 25-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am