Տպել
23.03.2020
Քննարկվել է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն
1 / 9

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 23-ին երկրորդ ընթերցումով քննարկել է Կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 
  
Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ  Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձեւակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու, ինչպես նաեւ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի հանձնարարականների պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով: 
  
Կատարվող փոփոխությամբ՝ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Նախատեսվում է նաեւ սահմանել կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, եւ կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: 
  
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել հասարակական կազմակերպությունների գործունեության տարեկան հաշվետվության մեջ ներառվող պարտադիր պայման հանդիսացող դրույթների վերաբերյալ: 
  
Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում: