Տպել
18.03.2020
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող մի շարք օրենքների նախագծեր
1 / 6

Մարտի 18-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ աշխատելու արդյունքում կատարվել է տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություն, բովանդակային որեւէ փոփոխության օրենքի նախագիծը չի ենթարկվել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վարդեւան Գրիգորյանի, Սերգեյ Բագրատյանի հեղինակած  «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են օրենքով սահմանել  ՀՀ դպրոցներում «դասարանի ղեկավար» հասկացությունը:

Ըստ հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի` դասղեկների պարտականությունների կատարման համար վարձավճարի չափը յուրաքանչյուր դպրոց սահմանում է ինքնուրույն` համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Արդյունքում` նույն աշխատանքները կատարող մանկավարժները դպրոցների մի մասում վարձատրվում են, մյուսներում` ոչ, իսկ վարձատրության դեպքում երբեմն գործում են վարձավճարի տարբեր չափեր: Կարեւորելով եւ վերաիմաստավորելով դասղեկի ինստիտուտը, հեղինակներն առաջարկում են խնդրին տալ իրավական կարգավորում՝ բացառելով մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցումը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության կարծիքը, նշել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, ինչի հետ համաձայնելով համահեղինակ Միքայել Մելքումյանն առաջարկել է մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգել օրինագծի քննարկումը:

Մինչեւ հաջորդ Ազգային ժողովի հերթական նիստը հետաձգվել է նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք:

Հիմնական ցեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ օրինագծի ընդունմամբ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտները եւ գովազդից ստացվող միջոցներն ուղղել տեխնիկական կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր եւ առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարեւոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը եւ այլն:

Հանձնաժողովի անդամների գնահատմամբ՝ օրինագիծն անհավասար պայմաններ է ստեղծելու Հանրային հեռուստաընտերության եւ մյուսների միջեւ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրինագիծը միտված է ստեղծված մոնոպոլիան վերացնելուն: Մխիթար Հայրապետյանն ընդգծել է եվրոպական երկրների հանրային հեռուստաընկերությունների գովազդի առկայությունը: Նա կարեւորել է յուրաքանչյուր հեռուստաալիքով հեռարձակվող գովազդի վերահսկողությունը: Մխիթար Հայրապետյանն անընդունելի է համարել օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը 24 ժամյա ռեժիմով անցկացնելը:

Եզրափակիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների բարձրացրած մտահոգություններին:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 


18.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 18-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գո...

18.03.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

18.03.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...