National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
16.03.2020
ՀՀ Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ
1 / 10

Մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ` օրակարգում ունենալով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը որոշում է կայացրել այսօր` ժամը 18:30-ից հանրապետությունում սահմանել արտակարգ դրություն` կապված կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ: Վարչապետը արձանագրել է, որ այս պահի դրությամբ մեր երկրում կորոնավիրուսով հիվանդացության 30 հաստատված դեպք կա, որից 19-ն առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության արարողությանը, իսկ 3-ը` առաջին ախտորոշված դեպքի հետ: Մտահոգիչը, ըստ վարչապետի, երեկ Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում ախտորոշված դեպքերն են: Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ այս դեպքով ախտորոշված անձանց շփման շրջանակը պարզվում է, այդ մարդիկ եւս կմեկուսացվեն:

Գործադիրի ղեկավարը պարզաբանել է արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը` նշելով, որ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀՀ օրենսդրության ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դարձել, որ այն չի նախատեսել համաճարակային իրավիճակներ:

«Արտակարգ դրություն հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք: Տվյալ դեպքում անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ ըստ էության սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիներն ունեն առողջության, առողջության պահպանման իրավունք, եւ այն ըստ էության կարող է հայտնվել բացարձակապես անպաշտպան իրավիճակում: Պետությունը պարտավոր է արտակարգ միջոցներ ձեռնարկել այդ իրավունքն ապահովելու համար»,- փաստել է Նիկոլ Փաշինյանը:

Նշվել է, որ հանրության առողջությունն ապահովելու եւ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն ապահովելու համար ստեղծվել է պարետատուն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության որոշմամբ նշանակվել է պարետ:

Վարչապետի գնահատմամբ` այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի:

Կառավարության ղեկավարը խոսել է նաեւ երկրում պարենային անվտանգության խնդիրների մասին: Նա ընդգծել է, որ հանրապետությունում պարենի բավարար պաշարներ կան, չկա պարենային դեֆիցիտ:

Անդրադառնալով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին` վարչապետը խոսել է հանրային հավաքների մասին, նշել, որ ամենախիստ սահմանափակումները վերաբերում են բացառապես կորոնավիրուսի զարգացումների հետ կապված տեղեկատվության տարածմանը. դրանք պետք է համապատասխանեն պաշտոնական տեղեկություններին:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` կառավարության ռազմավարական մոտեցումն այն է, որ այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած` եւ տնտեսական, եւ հանրային, եւ առողջապահական իմաստներով:

«Հայաստանի կառավարությունը եւ պարետատունն իրավիճակից չբխող որեւէ սահմանափակում կիրառելուց զերծ կմա: Ամեն ինչ կանենք, որ արտակարգ դրությունը, որը պիտի տեւի մինչեւ ապրիլի 14-ը` ժամը 17:00-ն, հնարավորինս արդարացված եւ արդյունավետ լինի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու իմաստով»,-հավաստիացրել է երկրի վարչապետը:

Վարչապետին ուղղվել են հարցեր, որոնք վերաբերել են պարետատան, մասնավորապես պարետի գործողություններին, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հանձնմանը, արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական իրավիճակին, դրանից բխող քայլերին: Պատգամավորների կողմից անդրադարձ է կատարվել նաեւ այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված աշխատանքի չեն գնում եւ հատկապես այն դեպքերին, որ շատ մասնավոր ընկերություններ հրաժարվել են վերջիններիս աշխատավարձ վճարելուց: Խորհրդարանականների հարցադրումներից անմասն չեն մնացել քաղաքացիներին ուղղված տնտեսական աջակցության հարցերը, շեշտադրումներ են եղել բանկերի կողմից սահմանվող վարկային արձակուրդներին, քաղաքացիների վարկային պարտավորություններին: Գործադրի ղեկավարին ուղղվել են հարցեր, որոնք վերաբերել են այս օրերին որոշ ապրաքանտեսակների գների կտրուկ աճին, մեր երկրի առողջապահական համակարգի հնարավորություններին, կրթական հաստատությունների համար սահմանված դադարին եւ ուսումնական գործընթացի կազմակերպմանը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անունից խոսելով` Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է որոշ ապրանքների գների աճի զսպման մեխանիզմների անհրաժեշտությանը, դեղատներում դիմակների եւ ախտահանիչ նյութերի սակավության խնդրին: Ըստ հանձնաժողովի նախագահի` պետությունը պարտավոր է բանկերի հետ հրատապ քննարկել քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարման խոչընդոտներին ու փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ծրագրերին վերաբերող հարցերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոսքն ուղղել է քաղաքացիներին` վստահեցնելով, որ բոլոր ոլորտներում խնդիրները մեկ առ մեկ հավաքագրվել են ու քննարկվել: Բաբկեն Թունյանը նշել է, որ որեւէ քաղաքացի իր խնդիրների հետ միայնակ չի մնալու: Խոսելով գնաճի վերաբերյալ բարձրացված հարցադրումներից` պատգամավորը փաստել է, որ դա այդքան էլ չի դիտվում որպես գնաճ: Բաբկեն Թունյանն այդուհանդերձ հորդորել է ՏՄՊՊՀ-ին ուսումնասիրել ստեղծված իրավիճակը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը փաստել է, որ այսօր Հայաստանի ֆինանսական կայունությանը որեւէ վտանգ չի սպառնում, քանի որ բանկերն ունեն ավելի քան բավարար միջոցներ՝ ապահովելու ֆինանսական իրացվելիությունը եւ անխափան սպասարկելու հաճախորդներին:

Ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի՝ յուրաքանչյուր ճգնաժամ հնարավորություն է, որից պետք է օգտվել: Պատգամավորի խոսքով՝ պետք է օգնել Կառավարությանը՝ հնարավորինս շուտ հաղթահարելու ստեղծված իրավիճակը: Խորհուրդ է տվել աշակերտներին ժամանակն օգտագործել արդյունավետ, ստեղծել նոր օնլայն հարթակներ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անունից խոսել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` եւս մեկ անգամ հիշեցնելով, որ պարենային ապրանքների, դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների պակաս մեր երկրում չկա: Նա ընդգծել է, որ մթերային խանութները եւ դեղատները չեն փակվելու, Հայաստանում պարետային ժամ չի հայտարարվել. պարետն անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու որոշում կայացնել: Նշվել է, որ ԶԼՄ-ները եւ անհատներն իրավունք չունեն տարածելու տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում եւ չեն համընկնում պաշտոնական տեղեկատվության հետ: Անդրադառնալով հանրաքվեի անցկացմանը` ԱԺ նախագահի տեղակալն ասել է, որ հանրաքվեն չեղարկվում է եւ կնշանակվի արտակարգ իրավիճակի ավարտից հետո 55-60 օրվա ընթացքում: Նա խոսել է վերջին օրերին իշխանությունների աշխատանքի թափանցիկության մասին, ինչն ավելացրել է քաղաքացիների վստահությունն իշխանությունների հանդեպ:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հատուկ նիստի վերաբերյալ հայտնել է Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը փաստել է, որ շատ հարցերի վերաբերյալ, այնուամենայնիվ, հստակ պարզաբանումներ չտրվեցին: Անդրադառնալով նոր ձեւավորված պարետատան աշխատանքներին, ընդգծել է, որ այդ օղակը պետք է աշխատի օպերատիվ եւ բոլոր որոշումները կայացնի արագ, որովհետեւ անորոշությունները կարող են խուճապի հիմքեր առաջացնել: Խմբակցության ղեկավարը համաճարակի դեմ պայքարում կարեւորել է համախմբումը եւ պետության կողմից ամեն իրավիճակի համար հարկադրանքի լծակներով օժտված լինելը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա կարեւորել է բնակչության առողջության անվտանգության ապահովումը, խոսել տնտեսական հետեւանքների, Կառավարության կանխատեսելիության եւ սուբսիդավորման խնդիրների, պարենային անվտանգության մասին: Պատգամավորը կարեւոր է համարել համընդհանուր մոբիլիզացիայի կազմակերպումը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երախտիքի խոսք է հայտնել բոլոր բուժաշխատողներին, ոստիկաններին, ուժային կառույցների ներկայացուցիչներին իրենց կատարած եւ կատարելիք հոգատար ու տքնաջան աշխատանքի համար: Խմբակցության ղեկավարը ներկայացրել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքները, այն միջոցառումները, որոնք իրականացվել էին մինչ մեր երկրում ախտորոշված անձի հայտնաբերումը եւ դրանից հետո: Քաղաքացիների վարկային պարտավորությունների մասով նա տեղեկացրել է, որ ԿԲ-ն գործարկել է Թեժ գիծ. կարող են դիմել վարկային պարտավորություն ունեցող բոլոր քաղաքացիները, նրանց նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում: Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն արտակարգ ռեժիմի հետ կապված որեւէ միջոցառման ձեռնարկման առումով առարկություն չունի:

Խմբակցություններից հետո ԱԺ նախագահը հանդես է եկել արտահերթ ելույթով: Արարատ Միրզոյանն անդրադարձել է մի քանի ընթացակարգային հարցերի, որոնք վերաբերում են նախ խորհրդարանին: ԱԺ նախագահը փաստել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը որեւէ կերպ չի ազդելու օրենսդիր մարմնի ընթացիկ աշխատանքների վրա: Արարատ Միրզոյանն իր խոսքում արձանագրել է, որ հատուկ նիստում խորհրդարանի խմբակցություններից որեւէ մեկը չներկայացրեց նախագիծ արտակարգ դրության կամ դրանով նախատեսված միջոցառումներից որեւէ մեկի չեղարկման վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ բոլոր խմբակցությունները փաստացի իրենց աջակցությունն են հայտնում կառավարության կողմից արտակարգ դրություն սահմանելու նախաձեռնությանը: Իսկ համաճարակի դեմ համատեղ պայքարում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միմյանց նկատմամբ սերը, մարդասիրությունն ու հանդուրժողականությունը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ այսօր դեպքերի թիվն ավելացել է 15-ով, ինչը ցույց է տալիս, որ արտակարգ դրությունը համարժեք արձագանքն է ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարել երկրում աշխատանքային գործընթացն ամբողջովին դադարեցնելը: Ստեղծված ճգնաժամի պարագայում վարչապետը կոչ է արել պահպանել հանդարտություն եւ սառը դատողություն: Նիկոլ Փաշինյանն առողջություն է մաղթել բոլոր հիվանդներին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԱԺ հատուկ նիստի օրակարգը սպառված է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am