Տպել
10.03.2020
ՀՀ ԱԺ նախագահը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ
1 / 33

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ: 
  
Ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Միջխորհրդարանական միության նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: Սերբիայի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդները պատմական ջերմ կապեր ունեն:  
  
Մայա Գոյկովիչը հիշատակել է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո սերբ ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին, որի փոխադրման ժամանակ ավիավթարի զոհ դարձան սերբ օդաչուները: Նա հավելել է, որ իր հերթին Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Սերբիայում տեղի ունեցած տարերային ջրհեղեղից տուժածներին: 
  
Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերը, որտեղ իր դերն է խաղում նաեւ Սերբիայում հայկական համայնքը, որն իր սատարումն է ստանում պաշտոնական Բելգրադի կողմից: Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է հսկայական քաղաքական եւ տնտեսական համագործակցության ներուժ, որը վստահաբար համատեղ ուժերով պիտի կյանքի կոչվի: Հատկանշական է նաեւ երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման գործընթացը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները, հնարավոր տնտեսական համագործակցությունը, երկու խորհրդարանների առավել ինտենսիվ փոխգործակցությունը թե՛ երկկողմ մակարդակում բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների միջեւ, թե՛ բազմակողմ հարթակներում: 
  
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին անդրադարձ կատարելիս համաձայնել են, որ չնայած դրանց միջեւ առկա տարբերություններին՝ խաղաղ բանակցությունները չունեն որեւէ այլընտրանք եւ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առնվազն չվնասել միմյանց շահերին միջազգային հարթակներում: 
  
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը կարեւորել է ազգերի ինքնորոշման իրավունքը, քանզի դրանից է կախված արցախահայերի ֆիզիկական անվտանգությունն հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանը պետական մակարդակով հայատյաց քաղաքականություն է վարում՝ մանկապարտեզներից մինչեւ համալսարաններ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Մայա Գոյկովիչը ստորագրել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հուշագիր եւ հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: 
  
Նշենք, որ մինչ պաշտոնական հանդիպման մեկնարկը երկու խորհրդարանների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ 1988 թվականի ավիավթարի ժամանակ զոհված օդաչուների: 
  
  
 


10.03.2020
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Մարտի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում փաստաբանական գործունեության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող՝ անվճար իրավաբան...

10.03.2020
Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը` «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ
Մարտի 10-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: ՀՀ Հաշվեքնն...

10.03.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...