National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.03.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.03.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 68

ՀՀ Ազգային ժողովը մարտի 4-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը՝ բացառությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Նշենք, որ նախագծին դեմ քվեարկելու առաջարկ են ներկայացրել  հեղինակները: Նախագիծն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական  օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դրվել է քվեարկության՝ այն վերադարձնելու համար գրավոր առաջարկների փուլ: Լրամշակումից հետո նախագիծը կրկին կներկայացվի երկրորդ ընթերցմամբ քննարկման:

Պատգամավորները շարունակել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխել  էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը: Հանձնաժողովի կազմում նախատեսվում է  ընդգրկել ութ անդամ, որոնցից երկուսը` մասնագիտացված դատարանների դատավորներից` յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից մեկ դատավոր, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` Վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` Վճռաբեկ դատարանի դատավորներից: Բացի դատավորներից, Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում առաջարկվում է ընդգրկել  2 հեղինակավոր իրավաբան-գիտնական` հասարակական կազմակերպությունների  կողմից ներկայացված, որն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել է գովասանքի եւ նշվել, որ դա լրացուցիչ թափանցիկություն է հաղորդելու հանձնաժողովին:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է 5 անդամ: Գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում դրանց քննության, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները: Նախագծերի փաթեթով սահմանվել են նաեւ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ: Առաջարկվում է վերացնել  դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, ինչպես նաեւ առաջարկվում է իջեցնել  դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դարձնելով  25:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներից շատերն աննպատակահարմար են համարել նախագծի ընդունումն այս տեսքով, հատկապես անընդունելի  է  համարվել դատավոր աշխատելու համար տարիքային շեմի իջեցումը: Ըստ նրանց՝ 25 տարեկան երիտասարդը կենսափորձ չունենալու պատճառով ի զորու չի լինելու մարդկային ճակատագրեր որոշել, թեեւ  կարող է տեսական խոր գիտելիքներ ունենալ: Այս դիրքորոշումն արտահայտել են հիմնականում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները:

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ  միանշանակ չէին  նաեւ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների  պատգամավորների տեսակետը. նրանցից ոմանք կարծում էին, որ դատական համակարգը  նախապես պետք է  զտել անբարեխիղճ  դատավորներից, այնուհետեւ կատարել նման հսկայածավալ փոփոխություններ: Հնչել են նաեւ տեսակետներ, թե առաջարկվող փոփոխությունների արդյունքում չի ապահովվելու դատական համակարգի անկախությունը: «Իմ քայլը» խմբակցության  որոշ պատգամավորների կարծիքով՝ ոչ այնքան կարեւոր է դատավորի տարիքը, որքան նրա անկաշառությունն ու անբիծ կենսագրությունը, հետեւաբար տարիքը չի կարող խոչընդոտ լինել՝ իրականացնելու համար արդարադատություն:

Նախաձեռնության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տարոն Սիմոնյանը: Նա նշել է, որ դատավորը խոսող օրենք է, օրենքը՝ լուռ դատավոր: «Դատական իշխանությունը կազմված է անկախ դատավորներից եւ մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն անկախ դատավորի ինստիտուտի կայացմանը»,-ընդգծել է պատգամավորը: Նշվել է, որ համակարգում կան դատավորներ, ովքեր արժանի չեն նման կոչմանը, ուստի հնարավոր բոլոր օրինական լծակներով պետք է համակարգից հանել նման դատավորների, որպեսզի արժանիները կարողանան իրականացնել արդյունավետ արդարադատություն: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ դատավորը պետք է ենթարկվի բացառապես օրենքին եւ Սահմանադրությանը եւ եթե օրենսդրական փոփոխություններն ուղղված են հակառակ տրամաբանությանը, ապա խմբակցությունը չի կարող կողմ լինել:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Գեւորգ Պետրոսյանը: «Հասկանալով դատական օրենսգրքի կարեւորագույն առաքելությունը մեր կյանքում՝ մենք շահագրգռված ենք, որ այն լինի հնարավորինս ճկուն, արդյունավետ եւ ճիշտ արտացոլի մեր կյանքի տարբեր մարտահրավերները»,- ասել է պատգամավորը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք չեն ընդունվել:

Ելույթ ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումներն արդար դատական համարկարգ ունենալու տեսանկյունից:  Պատգամավորը խոսել է հայտարարագրման մեխանիզմների կիրառման, դատավորների բարեւարքության կատարելագործման կարեւորության մասին: Խմբակցությունը կողմ է քվեարկելու փաթեթին:

Եզրափակիչ ելույթում Աննա Կարապետյանն ընդգծել է. «Բոլորիս ցանկությունն է ունենալ անկախ, անաչառ, հասարակության վստահությունը վայելող եւ ամենակարեւորը բարձր հեղինակություն ունեցող դատական համակարգ, ինչին էլ միտված է նախաձեռնությունը»: Զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպի քննարկումներ:

«Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս արդյունավետ պայքար մղել կառուպցիայի դեմ դատական համակարգում՝ միաժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը»,-եզրափակիչ ելույթում նշել է ՀՀ արադարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախաձեռնությամբ ներմուծվում է չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմ, որը տարբեր դրսեւորումներով առկա է մի շարք երկրներում: Այն նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով եւ միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները՝ հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարում: Մասնավորապես նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության եւ քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն եւ հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը:

Նախարարը նշել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից ազդակն ստանալուց հետո հայցի նախապատրաստման ու գործի քննության քաղաքացիական վարույթը կընթանա որպես ինքնուրույն եւ անկախ գործընթաց: Իրավասու մարմինն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի ուսումնասիրություն եւ առավելագույնը 3 տարվա ընթացքում կնխապատրաստի հայց եւ այն կներկայացնի դատարան:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ քննարկվող հարցի վերաբերյալ կա քաղաքական կոնսեսուս: Պատգամավորը ներկայացրել է իր դիրքորոշումը որոշ դրույթների վերաբերյալ եւ նշել, որ խմբակցությունը գրավոր առաջարկներ կներկայացնի:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Գեւորգ Պետրոսյանը: Նա իր մտահոգությունն է հայտնել մասնավորապես օրենքի՝ հետադարձ ուժ ունենալու հետ կապված: Ըստ պատգամավորի՝ գործող Սահմանադրության համաձայն՝ չի կարող հետադարձ ուժ տրվել այն օրենքին, որը վատթարացնում է անձի իրավական վիճակը: Խմբակցությունը ողջունում է նախաձեռնության գաղափարը եւ կողմ է, որ ցանկացած արդարացի նպատակ հնարավոր լինի իրականացնել օրենքով ընդունելի սահմաններում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին:


04.03.2020
Ցուցահանդես՝ նվիրված ազգային զարթոնքին եւ Նոր Հայքի կերտմանը
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում մարտի 4-ին բացվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված ազգային զարթոնքին եւ Նոր Հայքի կերտմանը: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, արվեստագետներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ջավախահայ նկարչի խոսքով՝ խորհրդարանում ցո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS