Տպել
02.03.2020
Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպանը խորհրդարանում
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի ղեկավար Գոռ Գեւորգյանը, խմբի անդամեր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Լուսինե Բադալյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը մարտի 2-ին  հանդիպել են Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ:

Կարեւորելով գործընկերակցական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայերն, առհասարակ,  ուրույն տեղ են զբաղեցնում Մերձավոր Արեւելքում եւ պատմականորեն կապված են արաբ ժողովրդի հետ: Գոռ Գեւորգյանի ներկայացմամբ՝ 1994 թվականին է Հայաստանի եւ Քուվեյթի Պետության միջեւ ստորագրվել դիվանագիտական հարաբերությունների մեկնարկի մասին համապատասխան փաստաթղթեր, 2002 թվականին ձեւավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամական խումբը, 2011 թվականին Հայաստանում հիմնվել է Քուվեյթի դեսպանություն: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Քուվեյթի հետ հարաբերությունները քաղաքական, խորհրդարանական, տնտեսական հարթություններում, ընդգծել, որ փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան մի շարք ոլորտներում:

Բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության հարցում չափավոր եւ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Քուվեյթի Պետության հետ սերտ համագործակցության:

Նաուաֆ Ալ Էնեզին կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարումը: Խոսելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ներուժի օգտագործման հնարավորությունների մասին՝ դեսպանն անդրադարձել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթական ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ներդրումներին:

Պատգամավորները մտքեր են փոխանակել գյուղատնտեսությանը, ճանապարհաշինությանը, Երեւան-Քուվեյթ ուղիղ թռիչքների կազմակերպմանը, քուվեյթյան աշխատաշուկայում հայ մասնագետների ներգրավմանը վերաբերող հարցերի շուրջ: