Տպել
27.02.2020
Աշխատաժողով խորհրդարանում
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ խորհրդարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը  եւ միջազգային փորձը»  թեմայով, որին մասնակցել են ներկայացուցիչներ, փորձագետներ Ասիական զարգացման բանկից, ՀՀ առողջապահության,  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, Երեւանի քաղաքապետարանից, պատգամավորներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ 2019 թվականին ընդունված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը կարգավորման կարիք ունի: Դեռեւս օրինագծի մշակման փուլում բանկի փորձագետները կազմակերպել են սեմինար-քննարկումներ, որտեղ ներկայացվել են օրենքի բովանդակությունը, հիմնական խնդիրները, հեռանկարները: Հրավիրված երկօրյա աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է ներկայացնել հայեցակարգը, հայկական օրենսդրությունը, կարգավորման իրավական շրջանակը, ծրագրերի մշակմանը եւ իրականացմանն առնչվող կանոնները, ընթացակարգերը,  միջազգային փորձը:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նշել է, որ իրենք մեծ փորձ ունեն եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել նոր իրավական կարգավորումների մշակման գործընթացում, ինչը կնպաստի Հայաստանում ՊՄԳ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր, քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության առավելությունները, թերություններն ու ռիսկային գործոնները, անդրադարձ է կատարվել իրավական եւ ինստիտուցիոնալ կարգավորումներին վերաբերող հարցերի:

Աշխատաժողովը կշարունակվի փետրվարի 28-ին: