National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.02.2020
Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը
1 / 15

Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հարթակի ստեղծման շուրջ ինտենսիվ աշխատանքները սկսվել են 2019թ-ից: Հարթակի ստեղծումը հիմնվել է Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու պարտավորությունների վրա՝ որպես բարձր հարթակ փորձարկելու ժողովրդավարական կառավարման նորարական մոտեցումն անվտանգության ոլորտում: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մենք չենք խուսափում բացահայտ խոսել զինված ուժերում մեր ունեցած խնդիրների մասին եւ տարատեսակ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ փորձում ենք արդյունավետ լուծումներ գտնել դրանց համար»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ հարթակի հետաքրքրության հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի/ բռնության կիրառման նկատմամբ վերահսկողությունը, տեղեկատվության մատչելիությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտի ներսում ներքին վերահսկողության մեխանիզմները, պայքարը կոռուպցիայի դեմ արդարադատության մատչելիությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հարթակը, համախմբելով քաղաքացիական հասարակությանը, խորհրդարանականներին եւ անվտանգության ոլորտում հանրային ծառայություն մատուցողներին մի սեղանի շուրջ, նպաստելու է ինչպես քաղաքացիական, այնպես էլ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով համապարփակ եւ պահանջված բարեփոխումների իրականացում անվտանգության ոլորտում: Նշվել է, որ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերը կքննարկվեն խորհրդարանում՝ լսումների, հարցապնդումների եւ օրենսդրական նոր կարգավորումների տեսքով: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հարթակի հետեւողական քննարկումներն ու աշխատանքային հանդիպումները կբերեն երկար սպասված արդյունքի՝ այն է համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, անվտանգության համակարգում բարեվարքության ամրապնդում, թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգ:

«Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հանդիսանում է մեր անվտանգության անքակտելի մասը»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը, դրա զարգացումը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներն են: Զեկուցողի խոսքով՝ համատեղելով օրենսդրի, քաղհասարակության եւ գործադիրի ներուժը՝ հնարավոր է ավելի մեծ արդյունքներ ապահովել՝ բարձրացնելով անվտանգության մակարդակը: Նա նշել է, որ ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ինստիտուտների հանդեպ բարձրացնելու է այդ կառույցների արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ կարողությունները:

«Մեր կառույցը պատրաստ է նպաստելու բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան: Ողջունելով հարթակի ստեղծման գաղափարը՝ նա այն համարել է նորարարական եւ խոստումնալից: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ընթացող գործընթացում:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանի՝ պետական մարմինների եւ քաղհասարակության բարձր ներգրավվածությունը լրացուցիչ վստահություն է հաղորդում, որ հարթակը կնպաստի անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ուժեղացմանը: Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի արդյունավետ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը խոսել է ժողովրդավարական վերահսկողության հարթակի նպատակների ու առաջնահերթությունների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նոր բարեփոխումների օրակարգը:

ԱԺ պատգամավորները, միջազգային կառույցների եւ քաղհասարակության ներկայացուցիչներն ողջունել են նման հարթակ ստեղծելու նախաձեռնությունը: ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների բաժնի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթը հարթակի ստեղծումը համարել է պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am