Տպել
26.02.2020
Կրթության ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը շարունակվում է բարեփոխվել
1 / 7

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին աշխատանքային քննարկման էր հրավիրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար կրթության ոլորտի խնդիրներն ու դրանց կարգավորմանն ուղղված որոշ ծրագրեր:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Կրթության տեսչական մարմնի գործառույթներին ու գործունեությանը՝ ընդգծելով, որ  կառույցի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունն անհրաժեշտ է բարեփոխել՝ ելնելով այն տրամաբանությունից, որ տեսչական մարմիններն ստուգվող կառույցներին  պետք է  օգնեն, այլ ոչ թե լինեն  «բռնող», ինչպես եղել է:

Կրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ է հստակ քայլեր կատարել՝ սկսած օրենսդրական դաշտի բարելավումից մինչեւ տեսչական մարմնի գործունեության վերարժեւորում, նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովի փոխնախագահը նաեւ անհրաժեշտ է համարել բարձրացնել տեսուչների որակավորումն ու գիտելիքները՝ իրականացնելով վերապատրաստումներ: Ըստ նրա՝ տեսուչի հետ  ստուգվող կրթական հաստատություններ   պետք է գործուղել նաեւ    հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչն արդյունավետ կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հայտնել է, որ կրթության ոլորտում  տեսչական խնդիրները  կարգավորելու համար մշակվում է օրենքի նախագիծ, որը  հավանաբար խորհրդարանի  քննարկմանը կներկայացվի աշնանային նստաշրջանի ընթացքում: Ըստ նրա՝  կրթության ոլորտում գործող օրենսդրությունը թույլ չի տալիս իրականացնել պետական վերահսկողություն բնագավառում, ինչն էլ խոչընդոտում է   սովորողներին  որակյալ կրթության մատուցումը, քանի որ այն չունի ազդեցիկ ներազդման  մեխանիզմներ, երբ   խախտումներ  են հայտնաբերվում  ստուգվող հաստատություններում:

Հրավիրված պաշտոնատար անձինք ներկայացրել են ոլորտի խնդիրները, անդրադարձել դրանց լուծման իրենց տեսակետներին:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար կազմակերպել քննարկումներ, երբ օրենքի նախագիծն առավել որոշակի կդառնա: