Տպել
24.02.2020
Քննարկվել են վարչական իրավախախտումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցումից հետո Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծերի փաթեթը լրամշակվել է. փոփոխությունները հիմնականում կրում են տեխնիկական բնույթ: Ըստ բանախոսի՝ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը կնպաստի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսվում է կատարել փոփոխություններ 19 օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքին:

Երկրորդ ընթերցումով քննարկված նախագծերի փաթեթները ստացել են դրական եզրակացություն:

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն համայնքների վարչական սահմաններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պայմանական սեփականության իրավունքով պատկանող հողամասերի օտարման դեպքերում հողամասերի կադաստրային արժեքները համապատասխան համայնքային բյուջեներ վճարելու ընթացակարգերը:  Միաժամանակ, դրանով համայնքները՝ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված հիմքով, հողամասերի հետագա օտարման ժամանակ կստանան վճարվող կադաստրային արժեքի գծով եկամուտները, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, էական ազդեցություն ունի համայնքների սեփական եկամուտների ծավալների վրա: Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը: Համակարգում կատարվող փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ըստ բանախոսի՝ ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ: Այն կմիավորի մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների համալիր գնահատումն ու տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության եւ այլ համալիր ծառայությունները: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաեւ համակարգի ներկա վիճակին եւ առկա խնդիրներին:

Հանձնաժողովը որոշում է կայացրել մարտի 12-ին հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» թեմայով:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...