Տպել
21.02.2020
«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները». խորհրդարանական լսումներ
1 / 43

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ներկայացուցիչներ Կառավարությունից, միջազգային կառույցներից, հասարակական կազմակերպություններից, պատգամավորներ, տնտեսագետ-փորձագետներ, գործարարներ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, կարեւորելով պետական գնումների համակարգի դերը ցանկացած երկրի տնտեսության մեջ, ընդգծել է նման ձեւաչափով հարցի քննարկման անհրաժեշտությունը: Բանախոսն անդրադարձել է պետական գնումների համակարգի նկատմամբ ՓՄՁ-ների հետաքրքրության աճին, բողոքարկման համակարգի կատարելագործմանը, գործունեության թափանցիկությանն ու հաշվետվողականության բարձրացմանը վերաբերող հարցերին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկույցում անդրադարձել է պետական գնումների համակարգի հիմնախնդիրներին, լուծման ուղիներին, գործադիրի կողմից իրականացվող վերափոխումներին, ինչպես նաեւ հետագա զարգացման ուղղություններին: «Ակնհայտ է, որ գնումների գործընթացը ցանկացած միավորի համար կարեւորագույն նախադրյալ է՝ ստեղծելու այն երաշխիքները, որոնց շնորհիվ կարող ենք դատողություն անել գործունեության արդյունավետության վերաբերյալ»,- ասել է ֆինանսների նախարարը: Նրա խոսքով՝ գնումների համակարգը շուրջ քսան տարվա պատմություն ունի Հայաստանում, գործում է 4 օրենք եւ աշխատանքներում պարբերաբար առաջնորդվում են միջազգային փորձն ու գիտելիքները համադրելով: Բանախոսն անդրադարձել է ընդհանուր, ենթաօրենսդրական  կարգավորումներին, «երաշխիքի ինստիտուտի» գործունեությանը, ինքնարժեք-գին պահանջի առկայության վերացմանը, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետներին վերաբերող հարցերին, խոսել օրակարգային համարվող էլեկտրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովման եւ մշակման անհրաժեշտության մասին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր  Հրաչյա Զաքոյանը կրթական եւ գիտական համակարգում առկա խնդիրների համատեքստում անդրադարձել է «Պետական գնումների մասին» օրենքի սահմանափակումներին, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին, ենթաօրենսդրական կարգավորումներին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ տնտեսական հարաբերությունների զարգացման կարեւորագույն բաղկացուցիչը գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելն է: Նա նշել է, որ գործող օրենսդրությունը չի բավարարում այն պահանջները, որ նոր Հայաստանը դրել է իր առջեւ՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացմանը համընթաց: Սերգեյ Բագրատյանը կարեւորել է ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին պաշտպանելու, խրախուսելու հարցը:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի ներկայացմամբ՝ իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է ոչ մրցակցային գնումների թվի աճ: Նա ընդգծել է, որ մեկ անձից կատարվող գնումները ռիսկեր են պարունակում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձել է քննարկվող ոլորտին վերաբերող տեղեկատվության ազատությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ հաշվետվողականությանը:

Մասնակիցների հարցերը վերաբերել են ավիատոմսերի ձեռքբերման ոլորտում նախատեսված փոփոխություններին, գնումների գործընթացի բանակցային փուլին, մրցակցային միջավայրի բարելավմանը, բողոքարկման համակարգին:

Ամփոփիչ խոսքում Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է ելույթներում բարձրացված խնդիրներին, հարցադրումներին, նշել, որ պատրաստ են լսելու բոլոր դիտարկումները, առաջարկությունները եւ հանգելու հավասարակշռված լուծման: