Տպել
21.02.2020
Հանդիպում Դանիայի Թագավորության Գերագույն Դատարանի դատավոր Աննա Լուիզ Բորմանի հետ
1 / 1

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Գայանե Աբրահամյանը, Գեւորգ Պապոյանը եւ Նորա Առուստամյանը փետրվարի 20-ին Դանիայի Գերագույն Դատարանում հանդիպել են դատավոր Աննա Լուիզ Բորմանի հետ եւ քննարկել Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքը եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Գերագույն դատարանի դատավորի խոսքով` դատական համակարգի անաչառության հիմնարար սկզբունքներից է քաղաքական դիրքորոշումներից զերծ մնալը, իսկ ճգնաժամերի դեպքում` անսալը ժողովրդի ձայնին, ըստ այդմ, հանրային լայն կոնսենսուսով հանրաքվեն կարող է որոշիչ լինել:

Դատավոր Աննա Լուիզ Բորմանը խոսել է նաեւ Գերագույն դատարանի կամ սահմանադրական դատարանների լիազորությունների մասին` կարծիք հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախնական կարծիք ներկայացնելը եւ փոփոխությունների ընթացքը դրանով պայմանավորելը լրջորեն սահմանափակում է ոչ միայն խորհրդարանների լիազորությունները, այլ նաեւ ժողովրդի կամարտահայտման իրավունքը: Ըստ դատավորի` բարձրագույն ատյանի լիազորություններն ու վերահսկողության իրավասությունը պետք է չափազանց հավասարակշռված լինեն: