National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
19.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
1 / 16

Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) եւ փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի Սոցիալ-Լիբերալ կուսակցություն):

Դանիական կողմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է անկախությունից ի վեր ՀՀ անցած ճանապարհը եւ Թավշյա հեղափոխությունից ու 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից որդեգրած ժողովրդավարական փոփոխությունների օրակարգին, հատկապես դատաիրավական ոլորտում: Քննարկվել է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների շուրջ եվրոպական տարբեր կառույցների հետ համագործակցության շրջանակը: Դանիայի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել սատարելու Հայաստանի Ազգային ժողովին՝ ժողովրդավարական ձեռքբերումները բոլոր բնագավառներում կոնսոլիդացնելու գործում:

Արարատ Միրզոյանը հատուկ ընդգծել է, որ սա ՀՀ Ազգային ժողովի առաջին պաշտոնական այցն է Դանիայի Թագավորություն՝ խորհրդարանի խոսնակի մակարդակով եւ հույս հայտնել, որ նոր հնարավորություններ կբացվեն երկու օրենսդիր մարմինների միջեւ փորձի փոխանակման եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում սերտ փոխգործակցության համար: Ափսոսանք հայտնելով, որ դանիական խորհրդարանում գոյություն չունի բարեկամական խմբեր ձեւավորելու ավանդույթ, կողմերը հույս են հայտնել, որ փոխշահավետ համագործակցության արդյունավետ հարթակ կարող են հանդիսանալ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների միջեւ համատեղ հանդիպումների եվ քննարկումների կազմակերպումը, փոխադարձ այցերը եւ մշտական շփումը տարբեր խորհրդարանական խմբակցությունների միջեւ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր երախտիքի խոսքն է հայտնել Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու եւ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարությանը պաշտոնապես տեղեկացնելու համար: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ դանիական կողմը կաջակցի Հայաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:

Դանիայի խորհրդարանի խոսնակի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հարցեր, այդ թվում՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները, խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ՝ որպես Հայաստանում ընթացող դատաիրավական, տնտեսական բարեփոխումների հաջողության հասնելու գրավական:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների լայն շրջանակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը եւ Հայաստանի մոտեցումները բացառապես խաղաղ ճանապարհով դրա հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS