Տպել
12.02.2020
Հայաստան-ԱՄԷ բարեկամական խմբի անդամները հանդիպել են դեսպանի հետ
1 / 4

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամներ Նարեկ Զեյնալյանը, Հրանտ Մադաթյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Արտաշես Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Աննա Կոստանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմեդ Իսա ԱլԶաաբիի հետ:

Ողջունելով դեսպանին՝ բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Զեյնալյանը նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված   հարաբերությունների մասին վկայում են պարբերաբար տեղի ունեցող գործարար համաժողովները,  երկկողմանի զբոսաշրջությունը,  ավիաչվերթները, շուրջ 6000 անդամ ունեցող հայ համայնքի  առկայությունն  ԱՄԷ-ում եւ այլն:

Նարեկ Զեյնալյանը գոհունակությամբ փաստել է,  որ  արաբական կապիտալի մասնակցությամբ Հայաստանում գործում են  շուրջ 20 ձեռնարկություններ: Նա հավաստիացրել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում  ձեւավորվել է ներդրումների համար բարենպաստ  միջավայր:

Դեսպան Մուհամմեդ Իսա ԱլԶաաբին գերազանց է որակել երկկողմ հարաբերությունները եւ նշել, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը  մասնավորապես մշակույթի, կրթության, հումանիտար, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում: Նա հայտնել է, որ  ԱՄԷ-ն հետաքրքրված է «Թումո» ստեղծարար կենտրոնի գործունեությամբ, եւ ցանկանում է նման կենտրոն ունենալ նաեւ իրենց մոտ:

Անդրադառնալով տարեցտարի աճ գրանցող  զբոսաշրջությանը՝ դեսպանը նշել է, որ Հայաստանն անվտանգ երկիր է, եւ իր հայրենակիցներն  Հայաստանը տեսնելու են գալիս ընտանիքներով: Նարեկ Զեյնալյանը դեսպանին տեղեկացրել է, որ   նախորդ  տարի ԱՄԷ-ից Հայաստան է այցելել ավելի քան  11 հազար զբոսաշրջիկ:

Զրուցակիցները քննարկել են նաեւ միջխորհրդարանական հարթակում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դեսպանը հայտնել է, որ  ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանի խորհրդարանական փորձով, հետեւաբար   արդյունավետ կարող են լինել  փոխադարձ այցերն ու խորհրդարանականների հետ  շփումները:

Այս համատեքստում  քննարկվել են  ԱՄԷ-Հայաստան բարեկամական խումբ ստեղծելուն վերաբերող հարցեր: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ բարեկամական խմբերի գործունեությունն էլ ավելի կզարգացնի  առկա արդյունավետ համագործակցությունը:

Բազմաթիվ են  ուղղությունները, որտեղ կարելի է համագործակցել եւ արձանագրել  հաջողություններ. հանդիպման ավարտին վստահություն են  հայտնել զրուցակիցները: