Տպել
04.02.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

Փետրվարի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակաշրջանում եկամուտների ընդհանուր ցուցանիշը կատարվել է 100.2 տոկոսով: Հարկային եկամուտների մասով ճշտված ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 62 միլիարդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 1.7 տոկոս ծրագրային ցուցանիշի գերակատարում: Պաշտոնական դրամաշնորհների մասով արձանագրվել է համեմատաբար ցածր կատարողական: Հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսվել էր ունենալ 1 տրիլիոն 276 միլիարդ դրամի ծախս, կատարողականը կազմել է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ:

Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Նա նշել է, որ փաստաթուղթը բաղկացած է 3 մասից: Ծրագրով նախատեսվում են 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման եւ 2020 թվականի պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների եւ տարեկան կատարման հաշվեքվննությունների իրականացում:  Հաշվեքննիչ պալատի նախագահի խոսքով` փորձ է արվել ծրագիրը ոլորտային առումով հնարավորինս ընդգրկուն դարձնել եւ այդ նպատակով սահմանվել են հաշվեքննության համար կարեւոր ոլորտներ` սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահության, ճանապարհաշինարարության, ջրային, հարկային եւ մաքսային, պետական սեփականության, ինչպես նաեւ այլ հարցեր: Նշվել է, որ կառույցը նախատեսում է հաշվեքննություններ իրականացնել նաեւ ուժային կառույցներում: Ծրագրում ընդգրկվել են հասարակության շրջանում որոշակի մտահոգություն ներկայացնող ուղղություններ: Զեկուցողի տեղեկացմամբ` նախաձեռնվել են պալատի  ռազմավարական զարգացման նոր ծրագրի մշակման աշխատանքները:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք առաջարկներ:

Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն էլ ներկայացրել է գրասենյակի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովը որոշում է կայացրել փետրվարի 21-ին` ժամը 10-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել խորհրդարանական լսումներ` «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:

Հանձնաժողովի որոշմամբ՝ փետրվարի 18-ին եւ 19-ին՝ ժամը 12.00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով: