National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
21.01.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 5

Հունվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է Կառավարության հեղինակած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի  փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից եւ ցանկացած պահի՝ ապահովելով նաեւ պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն? լրատվական գործունեություն իրականացնողների համար:

Փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Թեւոսյանը:

Ելույթ ունեցող պատգամավորները դրական են գնահատել փաթեթը եւ թեմայի  համատեքստում անհրաժեշտ  համարել տարատեսակ  լրատվամիջոցների հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովող օրինագծերի մշակումը: Մասնավորապես, անհրաժեշտ  է համարվել վերջ տալ համացանցում տարածված ամենաթողությանն ու քաոսային իրավիճակին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արման Աբովյանը: Նա նույնպես անդրադարձել է համացանցում տարածվող ապատեղեկատվությանն ու զրպարտությանը,  կեղծ  օգտատերերի  ապազգային գործունեությանը՝ կարեւորելով դրանց դեմ պայքարը: Ըստ նրա, սակայն կարեւոր է, որ այդ պայքարը որեւէ կերպ չվնասի խոսքի ազատությունը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Վահագն Թեւոսյանը: Ըստ նրա, ԶԼՄ-ների ազդեցությունը հանրության վրա  այնքան մեծ է, որ  ունակ է մրցել իշխանության մյուս թեւերի հետ: Այս համատեքստում, անդրադառնալով  հայաստանյան լրատվամիջոցների գործունեությանը, նա կարծիք է հայտնել, թե այսօր  տեղեկատվական դաշտում  գերիշխում է «փողապետությունը», քանի որ այն ինչ որ առումով բռնազավթված է:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որն ուղղված է  հանցավոր խմբավորումների, գողական բարքերի,  քրեական ենթամշակույթի դեմ պայքարին եւ այն արմատախիլ անելուն: Փաթեթի վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որոնք սակայն չեն ընդունվել:

Ըստ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական   հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ փաթեթի նպատակն է բարձրացնել իրավապահ մարմինների նկատմամբ հանրության վստահությունը, ինչպես նաեւ կանխարգելել հանցավոր խմբավորումների  մեջ նոր անձանց ներգրավումը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նազելի  Բաղդասարյանը:

Օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում ցուցաբերած վարքի համար ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Գեւորգ Պետրոսյանի, Արայիկ Աղաբաբյանի եւ Արթուր Դալլաքյանի նկատմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կիրառվել են կարգապահական միջոցներ՝ զրկելով նրանց մինչեւ օրվա վերջ ՀՀ ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից: Այս մասին ԱԺ նիստում տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ փաթեթն անկիրառելի է լինելու, քանի որ բովանդակային իմաստով խնդրահարույց է, հետեւաբար չի կարողանալու պայքարել հանցավոր ենթամշակույթի   դեմ: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այդ աշխարհի դեմ հնարավոր է պայքարել միայն իրավապահ համակարգի ուժեղացմամբ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Ըստ նրա՝ նախաձեռնությունը ոտնահարում է քաղաքացու իրավունքները:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Հայկ Կոնջորյանը: Նա կարեւոր է համարել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը:

Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

Խորհրդարանը քննարկել է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը:

Հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը նշել է, որ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով: Նա առաջարկել է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 11:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ  պատգամավորներ նախագծի հեղինակին հորդորել են շրջանառությունից հանել ԱԺ  որոշման նախագիծը, քանի որ այն հակասահմանադրական է եւ ինքնանպատակ, ինչպես նաեւ չի համապատասխանում սահմանված այն չափանիշներին, որոնց առկայության դեպքում միայն կարող է ստեղծվել ԱԺ քննիչ հանձնաժողով:

Հակառակ տեսակետն էին պաշտպանում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ կասկածներ հայտնելով, թե Երեւան համայնքին նվիրված աղբատար մեքենաների  նվիրատվության գործընթացում ինչ-ինչ հանգամանքներ կարող են թաքցված լինել, որոնք էլ պետք է ուսումնասիրել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Դիմելով գործընկերներին՝ նա ասել է, որ ըստ էության քննարկվել է ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, մինչդեռ  այն արդեն ստեղծված է: Նա գործընկերներին հորդորել է  հունվարի 22-ին քվեարկությամբ չտապալել ԱԺ որոշման նախագծի ընդունումը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է  Նաիրա Զոհրաբյանը եւ դրական   գնահատել ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը:  Նա պարզաբանել է, որ աղբատար մեքենաների հետ կապված ունի չփարատված կասկածներ, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ քննիչ հանձնաժողովից, ինչպես ի պատասխան իր նամակի՝ ուղղված Երեւանի քաղաքապետին, հորդորել է  Հայկ Մարությանը:

«Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Լիլիթ Մակունցը: Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու համար, ինչպես նաեւ հեղինակ Անի Սամսոնյանին առաջարկել ծանոթանալ  նաեւ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իրավական կազուսներին: Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք պատրաստ են քննարկել խնդիրը՝ մնալով  օրենքների եւ լիազորությունների շրջանակում: Իսկ դա նշանակում է, ասել է Լիլիթ Մակունցը, որ ԱԺ քննիչ հանձնաժողովին վերագրված գործառույթներով եւ հարցի ուսումնասիրմամբ պետք է զբաղվի Երեւանի ավագանին, ինչպես սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության դաշտը կանոնակարգող օրենսդրությամբ:

Նա պարզաբանել է, որ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը թեկնածուներ չի առաջադրելու եւ դեմ է քվեարկելու ԱԺ որոշման նախագծին:

Հաջորդիվ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար  Սմբատ Սաիյանը: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հրաչյա Հակոբյանը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանը նիստի աշխատանքը կշարունակի հունվարի 22-ին՝ ժամը 10-ին: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS