National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.1.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.01.2020
Մեկնարկել են ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքները
1 / 20

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սկսել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը:

Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը ձեւավորելուց հետո պատգամավորներն սկսել են քննարկել օրենսդրական նախաձեռնությունները: Մինչ այդ, խորհրդարանը դիտարկել է ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած հարցերը նստաշրջանի օրակարգում ներառելու հնարավորությունը: Քննարկման արդյունքում բացասական եզրակացություն ստացած վեց  նախագծերը չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:

Խորհրդարանը  երկրորդ ընթերցմամբ քննարկել է  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ  «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախագծերի նպատակն է սահմանել, որ վարչապետին կամ  Կառավարությանը ենթակա մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց,ինչպես նաեւ մարզպետների ընդունած վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը  բողոքարկման պետք է ներկայացվեն ընդունած մարմին կամ դատական կարգով, այլ ոչ թե ուղարկվեն վարչապետին կամ Կառավարությանը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում կապահովվեն իրավական ակտերի նախագծերի  հանրային քննարկումները, ինչպես նաեւ պետական-իրավական փորձաքննությունը նաեւ կառավարության եւ վարչապետին ենթակա մարմինների կողմից:

Աննա Կարապետյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ օրինագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով նույնպես քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Ռաֆիկ Գրիգորյանը պարզաբանել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են որոշ փոփոխություններ:

Այս փաթեթի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը եւս դրական էր:

Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու  մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային ցենզն   իջեցնել՝ 30-ի փոխարեն սահմանելով  25 տարեկան: Պաշտոնի անձնագրով պահանջվող 5 տարի աշխատանքային փորձի ցենզը եւս իջեցվում է՝ սահմանվելով  3 տարի:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Կառավարության եզրակացությունները նախագծի վերաբերյալ դրական էին:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ նախագիծն առնչվում է համալիր թույլտվության պայմանագրի իրավունքների գրանցման գործընթացին: Առաջարկվում է օրենսգրքի 305-րդ հոդվածում «գործարքն անվավեր է» բառերը փոխարինել «գործարքը վիճահարույց է» բառերով: Պատգամավորը նշել է, որ ընդունվել են Կառավարության առաջարկները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը:

Ըստ հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ պետք է միասնականացնել գրանցման հետ կապված իրավական կարգավորումները եւ բացառիկ իրավունքների առկայության դեպքում գրանցել համապատասխան մարմնում, ոչ թե ռեգիստրում: Փոխնախարարը նշել է, որ հանձնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում հստակեցնել բոլոր ձեւակերպումները:

ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ փոխնախարարի՝ առաջարկվում է մասնավորապես փոփոխություն կատարել գրավի ինստիտուտում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանի խոսքով՝ առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի (ա) կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ եւ ցանկությամբ` նաեւ ազգությունը, ծննդյան վայրը եւ ժամանակը»: Պատգամավորի խոսքով՝ փոփոխությունը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից, քանի որ արտերկրում խնդիրներ են առաջանում ծննդականներում սեռը նշված չլինելու պատճառով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը?

Հեղինակն առաջարկում է մեկ համարանիշով երթեւեկելու դեպքում մեղմացնել տուգանքի չափը՝ սահմանելով 20 հազար դրամ եւ երկու բալային միավորի հանում: Գործող կարգավորվամբ  պետհամարանիշներից մեկի կամ երկուսի բացակայության դեպքում վարորդը 1 տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Արմեն Խաչատրյանը:

ՀՀ Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Համազասպ Դանիելյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Համազասպ Դանիելյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է կիսով չափ կրճատել Ազգային ժողովին  օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 50-ից  դարձնելով 25-ի, քանի  որ, ինչպես ցույց են տվել անցած տարիներն ու այլ երկրների օրենսդրությունների ուսումնասիրման փորձը,   50 թիվն  իրատեսական չէ:  Առաջարկվում է երկարացնել ԿԸՀ կողմից նախաձեռնող խմբի եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի գրանցման կամ մերժման համար նախատեսված ժամկետը՝ 3 օրը դարձնելով 10:   Նաեւ առաջարկվում է կիսով չափ կրճատել  քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը` 50-ից իջեցնելով մինչեւ 25-ի:

Հեղինակների կարծիքով այս փոփոխությունները հնարավորություն կտան,  որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան իրացնել ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքը եւ  հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր: Դրական էր  նաեւ ՀՀ Կառավարության տեսակետը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ  «ՀՀ պետական մրցանակների մասին»  օրինագիծը, որով նախատեսվում է սահմանել 10 ՀՀ պետական մրցանակ՝ գրականության եւ հրապարակախոսության,  երաժշտության եւ կատարողական արվեստների, կերպարվեստի,  թատերական արվեստի,  կինոարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության,  ճշգրիտ եւ բնական գիտությունների,  հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտներում,   աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ:

Կառավարությունն իրավասու է լինելու սահմանել ՀՀ մրցանակների այլ տեսակներ:  Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ պետական մրցանակները շնորհելու է ՀՀ վարչապետը, իսկ տվյալ ոլորտի մրցանակակրին որոշելու է ինը հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը: Սահմանվում է, որ նույն ստեղծագործությունը, հայտնագործությունը /գյուտը/,  եւ աշխատանքը մրցանակի կարող է ներկայացվել միայն մեկ անգամ: Փոխնախարարը հայտնել է, որ ներկայում ՀՀ պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու եւ հանձնելու կարգը սահմանված է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը:

Նախագծի վեաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Ըստ նրա՝ մրցանակը՝ պետության կողմից ցուցաբերվող շնորհակալությունն է այս կամ այն ոլորտում բարձունքների հասած անձանց: Նախաձեռնությամբ ներդրվող մեխանիզմները եւ չափորոշիչները պետք է լինեն բացարձակ արդարացի:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Մխիթար Հայրապետյանը: Նա պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների ելույթներում հնչած մտահոգությունների վերաբերյալ: Պատգամավորը կարեւոր է համարել նախաձենությունը եւ համոզմունք հայտնել, որ ժամանակի ընթացքում եւ արժանավոր անձանց պետական մրցանակներ շնորհելու միջոցով հնարավոր է փոխել հանրության ընկալումը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից եւ ցանկացած պահի՝ ապահովելով նաեւ պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն՝ լրատվական գործունեություն իրականացնողների համար:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հունվարի 21-ին:
 


20.01.2020
Միջխորհրդարանական կապերի զարգացման գործում կարեւորվել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը
Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ հունվարի 20-ին հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանը, խմբի անդամներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ու  Սրբուհի Գրիգորյանը: Նորա Առուստամյանն ընդգծել է, որ այս այցը կնպաստի երկու ...

20.01.2020
Լենա Նազարյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ
Հունվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի փոխնախագահը  բարձր է գնահատել վերջերս ձեւավորված Մեքսիկա-Հայաստան...

20.01.2020
«Բաց դաս»՝ Ազգային ժողովում
Հունվարի 20-ին խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանն ու Կարեն Համբարձումյանը, ովքե...

20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպա...

20.01.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 21.01.2020, ժամը 16:00, 214 սենյակ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS