Տպել
20.01.2020
Լենա Նազարյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ
1 / 3

Հունվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի փոխնախագահը  բարձր է գնահատել վերջերս ձեւավորված Մեքսիկա-Հայաստան բարեկամության խումբը եւ հույս հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը:

Լենա Նազարյանը նաեւ գոհունակությամբ ընդգծել է Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսության հիմնադրումը, որը կխթանի զբոսաշրջության զարգացմանը: Այս համատեքստում նա ցավով նշել է, որ հյուպատոսությունը վիզա չի տրամադրում եւ հայ զբոսաշրջիկները ստիպված մեկնում են Մոսկվա, ինչը որոշակի անհարմարություն է առաջացնում:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Լենա Նազարյանը վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում լուծելու` հայկական կողմի դիրքորոշումը:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Մեքսիկայի  Միչոական-դե-Օկամպո նահանգի Կոնգրեսի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունումը եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում այդ գործընթացը կլինի շարունակական:

Ադոլֆո Տոռես Ռամիրեսը տեղեկացրել է, որ իր երկրում Հայաստանի դեսպանի ջանքերով` թանգարաններից մեկում գործում է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցասրահ եւ ավելացրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: