Տպել
14.01.2020
Կարեւորվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ակտիվացումն ու զարգացումը
1 / 5

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջիին:

Մշտական հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ, որոնք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը, ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս:

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը հավասարակշռված հարաբերություններ է զարգացնում բոլոր գործընկերների հետ` ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության` հավելելով, որ այս ուղղությամբ լարվածության լիցքաթափման նշանները զգուշավոր հուսադրող են:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը,  խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունը:

Շնարհակալություն հայտնելով ընդունելության համար` Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջին բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումն ու ընդգծել փոխայցերի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկայի, սոցիալական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: