Տպել
13.01.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հունվարի 13-ին կայացած նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Ըստ հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի՝ օրինագիծը հանձնաժողովում մանրամասն քննարկվել է ամիսներ առաջ եւ քվեարկությունը հետաձգվել է: Պատգամավորի տեղեկացմամբ՝  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են եւ նախագիծը ներկայացվում է լրամշակված տարբերակով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է  ՀՀ 2018 թվականի փետրվարի 09-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ. «Սնանկության գործով պարտատերերի պահանջների հաստատման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված պահանջի քննության համար նշանակություն ունեցող փաստերը պարտապանի, պարտատերերի, սնանկության գործով կառավարչի եւ/կամ պահանջի քննությանը մասնակից դարձված այլ անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում»: Ինչպես նաեւ նույն հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ. «Քրեական գործի շրջանակներում քննված քաղաքացիական հայցի մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` պատճառված վնասի առկայության եւ պատճառված վնասի չափի փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն»:

Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանն ընդգծել է, որ նախագիծը միտված է դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթեւացմանը, բեռնաթափմանը:

Հանձնաժողովում օրինագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին:

Հանձնաժողովականները  քննարկել եւ բացասական եզրակացություն են տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որով նախատեսվում է լրացում կատարել օրենքի 125-րդ հոդվածում՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառելով նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ առաջարկվում է նաեւ, որ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրվի ոչ թե մեկ, այլ երկու լսում:

Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանի խոսքով խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն կարելի է տալ Ազգային ժողովի խորհրդին,  որի կազմում են նաեւ խորհրդարանի փոխխոսնակները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիր մարմնի նախագահի տեղակալը չունի ինքնուրույն լիազորություն եւ նման հնարավորությունով օժտելը կխաթարի Ազգային ժողովի բնականոն գործունեությանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է անչափահասների մասնակցությամբ քրեական գործերի քննությունը դարձնել առավել երեխայակենտրոն, արդյունավետորեն պաշտպանել վերջիններիս իրավունքներն ու ազատությունները, նրանց մասնակցությամբ հարցաքննությունը եւ առերեսումը դարձնել քիչ տրավմատիկ՝ չվնասելով ո՛չ երեխային, ո՛չ էլ քրեական գործի քննությանը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ  օրենսգրքի կիրառման ընթացքում անչափահաս տուժողների եւ վկաների մասնակցությամբ քրեական գործերի քննության ընթացքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնց առկայությունը բացասաբար է անդրադառնում թե՛ անչափահասի եւ նրա իրավունքների պաշտպանության, թե՛ քննության արդյունավետության վրա:

Պատգամավորի տեղեկացմամբ՝ Կառավարությունը նախագծի վերաբերյալ կատարել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Շաքե Իսայանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել եւ բացասական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Դրանով սահմանվում է, որ պատգամավորը պարտավոր է պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը մասնավորապես, ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման:

Գործող օրենքում պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում պատգամավորները պարտավոր են ապահովել նշված օրենքներով նախատեսված անհամատեղելիության պահանջների կատարումը:

Հանձնաժողովում մի շարք օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կշարունակվի հունվարի 14-ին, ժամը՝ 10:00-ին: 


13.01.2020
Քննարկվել են նախադպրոցական կրթության, պետական մրցանակների ոլորտների կանոնակարգմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 13-ին գումարել է հերթական նիստը, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական  եզրակացություն են ստացել մի շարք օրինագծեր: Դրանք կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի...

13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահը՝ պատգամավորների, գործադիր իշխանության ներկայացուցիչների, ջարդերը վերապրածների ուղեկցությամբ, հունվարի 13-ին ծաղիկներ են խոնարհե...

13.01.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:     ...

13.01.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...