Տպել
26.12.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամփոփիչ ասուլիսը
1 / 4

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 26-ին հրավիրած ասուլիսում ամփոփել են վերջին 6 ամիսների ընթացքում մշտական հանձնաժողովներում կատարած աշխատանքը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է վիճակագրական տվյալներ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գումարումների խորհրդարանի ընդունած օրենքների նախագծերի վերաբերյալ: Ըստ այդմ. 5-րդ գումարման Ազգային ժողովում եղել է 6 խմբակցություն, ընդունվել է 1422 օրենք եւ որոշում, որից 35-ը հեղինակել կամ համահեղինակել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

6-րդ գումարման խորհրդարանում եղել է 4 խմբակցություն, ընդունվել է 726 օրենք եւ որոշում, որից 9-ի հեղինակ են հանդիսացել ընդդիմադիր պատգամավորները:

7-րդ գումարման ԱԺ-ն ունի 3 խմբակցություն, ընդունվել է 367 օրենք, որից 30-ը հեղինակել կամ համահեղինակել են ընդդիմադիր խմբակցության անդամները:

Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հեղինակել են 103 օրենսդրական նախագծեր, որից 37-ն ամբողջությամբ ընդունվել է: Իր ղեկավարած խմբակցության անդամները, հաշվետու ժամանակահատվածում, ունեցել են 420-ից ավելի ելույթ:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ անցնող տարում գումարվել է 12 նիստ, որից 9-ը հերթական, 3-ը՝ արտահերթ: Քննարկվել է 35 օրենսդրական նախագիծ, որոնցից 19-ն ամբողջությամբ ընդունվել է: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ 2018 թվականին համանուն հանձնաժողովում քննարկվել է 19 նախագիծ: Պատգամավորը կարեւորել է կենսաթոշակային համակարգի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, մասնավորապես նվազագույն կենսաթոշակի շեմի եւ նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումները: Եղել են նաեւ ոլորտային մասնագիտական մի շարք քննարկումներ:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ 2019թ-ին գումարվել է 6 նիստ, քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով եւ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունները: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԵՄ անդամ 28 երկրներից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 23-ը: «Հարցերը, որոնք քննարկվել են հանձնաժողովում սերտորեն կապված են ԵՄ-Հայաստան համաձայնագրի հետ: Ամենակարեւորը երեք ռազմավարություններն են՝ կոռուպցիոն ռազմավարությունը, դատաիրավական բարեփոխումները: Երկուսն էլ ընդունվել են կառավարության կողմից հոկտեմբերին, եւ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը, որն այս պահին քննարկվում է գործադիրում»,- նշել է պատգամավորը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կատարել են աշխատանքի բաշխում՝ ըստ մասնագիտական ոլորտների: Պատգամավորի տեղեկացմամբ՝ հանձնաժողովի անդամներ Սարգիս Խանդանյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, լինելով նախկին լրագրողներ, իրենց ուշադրության կենտրոնում են պահում այդ ոլորտի շուրջ ձեւավորվող գործընթացները: Թագուհի Ղազարյանը մասնակցում է Կուսակցությունների եւ ընտրական օրենսգրքի մասին քննարկումներին: Հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն անցկացրել է առաջին քննարկումը խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ հանձնաժողովն անցնող տարի գումարել է 12 նիստ, քննարկվել է 8 նախագիծ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ»  թեմայով: Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովն ունեցել է 3 արտագնա նիստ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է ՌԴ մարզերի եւ ռեգիոնների հետ համագործակցության ենթահանձնաժողով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2019թ-ին գումարել է 24 նիստ, 10-ը՝ հերթական, 14-ը՝ արտահերթ: ԱԺ 7-րդ գումարման նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից 103 -ը քննարկվել է վերոնշյալ հանձնաժողովում, իսկ չընդգրկված 153 հարցերից՝ 36-ը: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ քաղաքացիներից ստացվել եւ սահմանված կարգով պատասխան է տրվել ավելի քան 90 դիմումների: Հանձնաժողովն անցկացրել է նաեւ 2 համատեղ նիստ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, համադրելով նախորդ տարիների արդյունքները, նշել է, որ ավելացել է քաղաքացիների ընդունելության թիվը, ինչը վկայում է հանրության կողմից ԱԺ-ի եւ մասնավորապես հանձնաժողովի հանդեպ վստահության մասին: Հանձնաժողովը գումարել է 21 նիստ, որից 6-ը հերթական, 3-ը՝ արտահերթ եւ 12 համատեղ նիստ, քննարկել է 55 օրինագիծ:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ՝ գումարվել է 17 նիստ, քննարկվել է 27 օրենքի նախագիծ, որից 21-ը ստացել է դրական եզրակացություն, իսկ 16-ն արդեն ամբողջությամբ ընդունվել է: Հանձնաժողովի անդամները հաշվետու տարում ունեցել են ավելի քան 50 աշխատանքային հանդիպումներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է,որ հանձնաժողովը գումարել է 29 նիստ, քննարկված 104 նախագծից 67-ն ընդունվել է ամբողջությամբ, 8-ն ընդունվել է առաջին ընթերցմամբ, 11 նախագծի տրվել է բացասական եզրակացություն: Տարբեր ձեւաչափերով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի 30 նիստ է գումարվել: Եղել են բազմաթիվ հանդիպումներ՝ վերահսկողական գործառույթների շրջանակում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը վերջին 6 ամսվա ընթացքում դրական եզրակացություն է տվել 9 միջազգային պայմանագրի վավերացմանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ ստեղծելու մասին որոշմանը:  Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտությունը եղել է ակտիվ: Բոլոր հանդիպումների ընթացքում գործընկերներին ներկայացվել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ ՀՀ միջազգային օրակարգը. կիզակետում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող իրադարձությունները, հայկական կողմի դիրքորոշումները:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ձեւավորվել է 3 ենթահանձնաժողով: Գումարվել են 10 հերթական եւ 8 արտահերթ նիստեր: Հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են 2 խորհրդարանական լսումներ, կազմակերպվել  են մասնագիտական բազմաթիվ քննարկումներ:

Խմբակցության ներկայացուցիչները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին: 


26.12.2019
Հանձնաժողովում քննարկվել են կինոոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Աննա Կոստանյանը եւ Արթուր Մանուկյանը  դեկտեմբերի 26-ին հյուրընկալել են  «ԻՖԿԱ» Հայաստանի անկախ գործիչների համայնք» հասարակական կազմակեր...

26.12.2019
Քննարկվել են պաշտպանության ոլորտին ու վարչական իրավախախտումներին առնչվող մի շարք օրինագծեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ դեկտեմբերի 26-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրե...

26.12.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:   ԱԺ նախագահն ու օմբուդսմենն ամփոփել են անցնող տարին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությունն առա...

26.12.2019
ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ : ...