Տպել
23.12.2019
Քննարկվել են պետական տուրքին եւ ճանապարհային երթեւեկությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ ԱԺ պատգամավորների, փաստաբանների, վարորդների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել վարորդական բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթում առկա «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ քննարկում։

Արմեն Խաչատրյանի հավաստմամբ՝ թեեւ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020թ-ի հունվարի մեկից, սակայն վարորդներն արդեն ներկայացրել են մի շարք մտահոգություններ։ Հիմնական դժգոհությունը վերադասության կարգով բողոքարկելիս 4 հազար դրամ պետական տուրքի պարտադիր պահանջի դեմ է։ Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարան դիմելիս տուրքի չափը 10 հազար դրամ է, Վճռաբեկ դատարան՝ 20 հազար։ Պատգամավորը հրապարակել է վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ միայն այս տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետեւանքով գրանցվել է 330 զոհ։ «Մենք իրավունք չունենք հաշտվել այս թվերի հետ եւ ամեն ինչ պետք է անել բարձրացնելու համար անվտանգ երթեւեկության մակարդակը»,- նշել է նա։

Արմեն Խաչատրյանը երեք հիմնական գործոն է առանձնացրել. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ, պարեկային ծառայության ներդրում եւ բնագավառի օրենսդրության եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցում։ Կարեւոր են համարվել նաեւ հասարակական տրանսպորտի ժամանակակից մեքենաներով համալրումը, ոլորտի հիմնովին բարեփոխումը։

ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հայկ Վարդանյանը   տեղեկացրել է, որ պարտադիր պետական տուրքի պահանջը սահմանված  է Վարչական դատավարության օրենսգրքով։ Ըստ նրա՝ հայցվորը օրենքով սահմանված կարգով կարող է ետ ստանալ տուրքի գումարը՝ տվյալ գործի դրական արդյունքի դեպքում։ Նա նաեւ նշել է, որ տուրքի չեղարկումը կհանգեցնի վարչական դատարանների ծանրաբեռնվածության ավելացման։

Այս տեսակետն անընդունելի է համարել պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ նշելով, որ դա պետության խնդիրն է։ Պատգամավորը կարեւոր է համարել Ճանապարհային ոստիկանության նպատակաուղղված եւ արդյունավետ գործունեությունը։

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է որոշակի պարզաբանումներ՝ վերադասության կարգով բողոքարկումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ դրանց արդյունավետության բարծրացումը կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հավաստմամբ՝ պատժի խստացումը չի բերում անվտանգության ապահովման բարձրացմանը։ Մշտական հանձնաժողովի նախագահը կողմ է արտահայտվել դպրոցներում ճանապարհային անվտանգ երթեւեկության վերաբերյալ առարկայի ներդրմանը։

ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են պարտադիր պետական տուրքերի մուծմանը՝ փաստելով, որ դրանք բարձր են։ Նրանք առաջարկել են չեղարկել դրույթը, իսկ օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար:

Արմեն Խաչատրյանը նշել է, որ հարցը կքննարկեն գործընկերների հետ եւ որոշման մասին կտեղեկացնեն։ 


23.12.2019
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող օրինագծեր
Դեկտեմբերի 23-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Առաջին ընթերցմամբ  քննարկվել են երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այնուհետեւ ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը: Օրինագծերը...

23.12.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը ներկա է գտնվել Ռումինիայի հայերի միության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը ներկա է  գտնվել Ռումինիայի հայերի միության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:   Ներկաներին փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքներն ու ողջույնները կա...

23.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Հանրապետական հավաքակայան
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու նպատակով: Պատգամավորները շրջել են հավաքակայանի բոլոր բաժիններով, զրուցել զինակոչի պատասխանատուների եւ ամենակարեւո...

23.12.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներն այցելել են Կիեւ
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի պատգամավորները, Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) հրավերով դեկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով եղել են Կիեւում եւ մասնակցել  Միության ամփոփիչ համաժողովին:Այցի շրջանակում պատգամավորները` պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի գլխավո...

23.12.2019
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ:   ...