Տպել
23.12.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը ներկա է գտնվել Ռումինիայի հայերի միության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին
1 / 3

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը ներկա է  գտնվել Ռումինիայի հայերի միության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: 
  
Ներկաներին փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքներն ու ողջույնները կարեւոր տարեդարձի կապակցությամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանն ընդգծել է ՌՀՄ ղեկավարների նշանակալի դերակատարությունը միջխորհրդարանական մակարդակով համագործակցության խորացման գործում: «Հիրավի, այս գործում իրենց անուրանալի ավանդն ունեն Միության բոլոր անդամներն  ի դեմս Միության ղեկավարների` մեր սիրելի Վարուժանների` ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի ու ՌՀՄ նախագահի տեղակալ Վարուժան Փամբուկչյանի: Առանձնահատուկ նշանակություն ունի ՌՀՄ դերը, որպես կարեւոր կապող օղակ, մեր երկու ժողովուրդների ու երկրների միջեւ, ինչի ցայտուն օրինակն է միջխորհրդարանական մակարդակով շարունակաբար խորացող համագործակցությունը»,-ասել է պատգամավորը: 
  
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանին, Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ռումինիայի հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Լուչիան Էդուարդ Սիմիոնին եւ Ռումինիայի հայոց միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշիին հանձնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհված «Երախտագիտության» մեդալները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ռումինիայի հայոց միության նախագահի տեղակալ Վարուժան Փամբուկչյանին հանձնել է «ՀՀ ԱԺ Պատվո մեդալը»:

Ռումինահայ ճանաչված գրող, թարգմանիչ, հրապարակագիր, Ռումինիայի եւ Հայաստանի գրողների միության անդամ Մադլեն Գարագաշյանն իր ստեղծագործական ծանրակշիռ վաստակի եւ ազդեցիկ գրական եւ մշակութային գործունեության համար պարգեւատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով: