Տպել
20.12.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում
1 / 2

«Հարգելի հյուրեր,

որպես Ազգային ժողովի նախագահ՝ ուրախ եմ ողջունել ձեզ այսքան կարեւոր թեմայի՝ կրթության ոլորտի բարեփոխումների ու ռազմավարական մարտահրավերների մասին քննարկում ծավալելու համար:

Դեռեւս մ.թ.ա. 5-րդ դարում Դիոգենեսը իրավացիորեն ասել էր՝ յուրաքանչյուր պետության հիմքը նրա երիտասարդների կրթությունն է: Թերեւս թույլ տամ ինձ մի փոքր խմբագրել այս միտքը: Յուրաքանչյուր պետության հիմքը նրա քաղաքացիների կրթությունն է: Ու հենց կրթությունն է, որ պիտի կերտի իրական քաղաքացիներ: Հենց կրթությունն է, որ պիտի հանդիսանա Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգի շարժիչը, ինչը թույլ կտա ոչ միայն համաքայլ լինել համաշխարհային զարգացումների հետ, այլեւ ապագայում նաեւ մեկ քայլ առաջ անցնել:

Կրթության ոլորտում բարեփոխումների մասին խոսելիս՝ կարծում եմ պետք է անկեղծ լինել միմյանց հետ, ամրագրել  խնդիրները եւ մարտահրավերները, ֆիքսել տարիներ շարունակ սիստեմատիկ կերպով ձեւախեղված մեր կրթության համակարգի արատները եւ առաջ շարժվելուց առաջ ամրագրել մի շարք սկզբունքներ՝ առանց որոնց համընդհանուր ներդրման անիմաստ կլինի խոսել Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի բարեփոխումների մասին:

Հայաստանում այլեւս երբեք կրթական համակարգը չպիտի ծառայի կուսակցական եւ օրվա իշխանությունների շահերին ու այդ շահերի սպասարկմանը:

Հայաստանի կրթական համակարգում երբեք չպիտի ճնշվի ազատ ինքնամտածողությունը:

Հայաստանի կրթական համակարգում պիտի մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսեւորում՝ նեպոտիզմից մինչեւ կաշառք:

Հայաստանի կրթական համակարգում կրթություն տրամադրողները շարունակականորեն պիտի արդիականացնեն եւ՛ իրենց գիտելիքները եւ՛ մեթոդաբանությունը ու դրանք համապատասխանեցնեն ժամանակի պահանջներին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում, երբ շուտով կարող են վերանալ բազմաթիվ մասնագիտություններ, իսկ մյուսները կարող են կանգնել ժամանակի հետ համընթաց քայլելու լուրջ մարտահրավերների առաջ, մենք կարիք ունենք վերանայելու այն գիտելիքը, որը տրամադրում ենք կրթական համակարգի շահառուներին, որպեսզի նրանք մրցունակ լինեն շուկայում ոչ միայն այսօր, վաղը, այլեւ հինգ եւ տասը տարի հետո: Պատահական չէ, որ կրթության մեր տեսլականում մեծ դեր է հատկացված հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնական գիտությունների զարգացմանը, որոնք իրապես համարվում են 21-րդ դարի մասնագիտություններ:

Մեր օրերում գիտելիքները, իհարկե, անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Գիտելիքներին զուգահեռ հավասարապես կարեւոր է զարգացնել սովորողների հմտությունները: Ժամանակակից կրթությունն այլեւս անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության հմտությունների, ինչի ներդրումը մեր կրթական համակարգում պիտի դառնա մեր առաջնահերթություններից մեկը:

Եվ իհարկե արժեքները, արժեքներ, որոնք կարեւորագույնն են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կրթելու գործում: Ազգային արժեքների հետ մեկտեղ կրթական համակարգը պիտի լինի ազատության, հավասարության, մարդու հիմնարար իրավունքների ջատագովը: Թերեւս թույլ տվեք փոքրիկ ուղղում մտցնել հենց նոր արտահայտածս մտքում. ազատությունը, հավասարությունը, ժողովրդավարությունը հանդիսանում են հենց մեր ազգային արժեքների մի մասը: Ուզում եմ հավաստիացնել, որ այս արժեքներից յուրաքանչյուրի խրախուսումը որեւէ կերպ չի հակասում մյուսի խրախուսմանը, եւ անիմաստ են փորձերը՝ քաղաքական նեղ շահերից ելնելով դրանք հակադրության մեջ դնել միմյանց հետ:

Ելույթիս ավարտին ուզում եմ հնչեցնել կրթության մասին թերեւս ամենադիպուկ երբեւէ հնչած խոսքերը՝ սովորել, սովորել, սովորել, որովհետեւ հենց կրթությունն է աշխարհը փոխելու եւ զարգացնելու ամենահզոր զենքը»: 
 


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...