National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
18.12.2019
Ամփոփվել է հանձնաժողովի տարեկան գործունեությունը
1 / 4

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի անդամ Արմեն Փամբուխչյանը  դեկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի  ասուլիսում ամփոփել են հանձնաժողովի կատարած աշխատանքները:

Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ անցնող տարվա ընթացքում հանձնաժողովը գումարել է 13 նիստ, որոնցից 3-ը՝ արտագնա:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, ստորագրվել հուշագրեր,  որոշ  քննարկումների արդյունքում լուծում են ստացել հանրությանը հուզող մի շարք հարցեր: Որպես այդպիսին՝  առանձնացվել է Մեղրիում կայացած արտագնա նիստի ընթացքում բնակիչների կողմից բարձրացված գազի մատակարարման խնդրի  ներկայացումը ՀՀ վարչապետին եւ դրա լուծման գործընթացի մեկնարկը:

Մասնավորապես՝ հանձնաժողովը քննարկել է իր գործունեության շրջանակում գտնվող բազմաթիվ հարցեր, որոնք  վերաբերել են Եվրասիական ինտեգրման ներկա վիճակին եւ կառույցի արդյունավետության բարձրացմանը, ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձեւավորմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրներին, ԵԱՏՄ շրջանակներում առկա իրավական արգելքների հաղթահարման հնարավորություններին, ավտոմեքենաների ներկրման՝ ԵԱՏՄ կողմից տրված մաքսային արտոնության ժամկետի ավարտի հետեւանքները մեղմելու հնարավորություններին, Վերին Լարսի խնդրին եւ այլն:

Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում օրենքների ներդաշնակեցման հարցին՝ Միքայել Մելքումյանն իրազեկել է, որ  5 տարի հետո ԵԱՏՄ երկրներն իրավական կարգավորումների առումով  լինելու են ընդհանուր գոտում, եւ տարբերություն չի լինելու, թե քաղաքացին որտեղ է գործունեություն ծավալելու: Սակայն, նկատել է նա,  այս մասով  կան շուրջ 71 արգելքներ, որոնցից 51-ը միայն՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ այդ արգելքների հաղթահարման աշխատանքները չեն ընթանում այնպես, ինչպես ցանկալի է: Աշխատանքների դանդաղ ընթացքը պայմանավորված   չէ ՀՀ Կառավարության գործունեությամբ. Միքայել Մելքումյանի խոսքով՝ խնդիրը կապված է ԵԱՏՄ անդամ որոշ երկրների տնտեսական շահերի սպասարկման առաջնահերթություններով:

Արմեն Փամբուխչյանն իր հերթին  նշել է, որ հանձնաժողովն ավարտվող տարում  իրականացրել է իրեն վերապահված գործառույթները, մասնավորապես՝ ինտեգրման գործընթացների  նպատակով ստեղծվել է ենթահանձնաժողով, եւ հետագայում չի բացառվում նոր, նպատակային  ենթահանձնաժողովների ստեղծումը:

Հանձնաժողովի անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:

Հունվարից սպասվող գնաճի վերաբերյալ հարցին ի պատասխան հանձնաժողովի նախագահն ասել է, որ  կթանկանան ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մոտ 700 անուն ապրանքներ, դրանց մի մասի գնաճը կլինի 5-7 տոկոսի սահմաններում:   Նա պարզաբանել է, որ շուրջ 5 տարի Հայաստանը որոշ ապրանքների մասով մաքսատուրքի արտոնություններ է ունեցել, եւ այդ պատճառով ԵԱՏՄ  ընդհանուր «կաթսա» լցվող մաքսատուրքից քիչ գումար  է ստացել, որը կազմել է ընդհանուր գումարի 1,11 տոկոսը՝ տարեկան  մոտ 43 մլրդ դրամ:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝  այժմ, երբ  ավարտվում է Հայաստանին տրված արտոնությունների ժամկետը, կլինեն որոշ ապրանքատեսակների թանկացումներ, սակայն դա շատ մեծ խնդիրներ չի առաջացնի, քանի որ ավելանալու է Հայաստանին տրվելիք գումարի չափը՝ դառնալով 1,22 տոկոս, ինչի շնորհիվ հնարավոր կլինի սոցիալական  հասցեական քաղաքականություն վարել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS