Տպել
17.12.2019
Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպանի հետ
1 / 3

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնի հետ (նստավայրը` Թբիլիսի):

Քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Արման Եղոյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ԵՄ նորընտիր խորհրդարանում ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԵՄ պատվիրակության ղեկավար է ընտրվել Էստոնիայի նախկին արտգործնախարար տիկին Մարինա Կալյուրանդը, ում հետ արդեն շատ ջերմ հարաբերություններ են ձեւավորվել:

Երկուստեք կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակներում համակարգված եւ թիրախային աշխատանքը:

Դեսպանը նշել է, որ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին եւ պատրաստակամ է անել առավելը` երկկողմ փոխգործակցության խորացման հարցում: Խոսելով թվային օրակարգի մասին` արձանագրվել է, որ բնագավառում համագործակցության ներուժը գործնականում անսահմանափակ է, եւ երկու երկրների փորձն ու ձեռքբերումները կարող են փոխլրացնել միմյանց:

Անդրադարձ է  կատարվել նաեւ տեղական ինքնակառավարման զարգացման եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կիրառման էստոնական փորձին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գործնական քայլեր ձեռնարկել այդ փորձի ուսումնասիրման, ինչպես նաեւ` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ Էստոնիայի խորհրդարանի եվրամիության հարցերի մշտական հանձնաժողովների միջեւ կապը խորացնելու ուղղությամբ: