National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
06.12.2019
Խորհրդարանն ընդունել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը  դեկտեմբերի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով  նախորդ օրը քննարկված օրենսդրական նախագծերը, բացառությամբ  պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի, որը քվեարկության էր դրվել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Արտակ Մանուկյանը ներկայացրել է հանձնաժողովի տեսակետը: Նա  դրական է գնահատել իրականացվելիք ծրագրային ուղղությունները, որոնք գալիք տարում նպաստելու են տնտեսության զարգացմանն ու եկամուտների աճին: Ըստ նրա՝ այս բյուջեով փոխվելու է եւ աշխատող, եւ չաշխատող մարդու կյանքը:

Ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար՝ վարչապետը հեղափոխական է որակել բյուջեի նախագիծը, եւ, նկատի ունենալով, որ վաղը՝ դեկտեմբերի 7-ին,  նշվելու է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցը,   անդրադարձել է աղետի գոտու վերականգնման աշխատանքներին: Նրա խոսքով՝ 2020 թվականին 3 մլրդ դրամ է հատկացվելու Գյումրու խնդիրների, մասնավորապես երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու   համար: Արդյունքում՝ աղետի գոտում սկսվելու է զարգացման նոր փուլ, եւ քաղաքը հիմնովին ազատվելու է տնակներից: «2020 թվականին լուծելու ենք այն բոլոր  քաղաքացիների հարցերը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը   դե յուրե արձանագրված է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ  ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներին: Պաշտպանությանը հատկացվող գումարների առնչությամբ  շեշտվել է, որ 66 մլրդ դրամով կամ 28 տոկոսով ավելացվել է ոլորտի պաշտպանական բյուջեն, ձեռք է բերվել աննախադեպ քանակի զենք, զինամթերք ու սպառազինություն: Գործադիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար:

Անդրադարձ է կատարվել անցնող տարվան: Այսպես, ինն ամսվա ընթացքում գրանցվել է տնտեսական 7,5 տոկոս  աճ,  8,8 տոկոսով աճել է արդյունաբերությունը, 9,3  տոկոսով՝ մշակվող հանքարդյունաբերությունը, 4,5 տոկոսով շինարարությունը, առեւտրաշրջանառությունը՝ 8,9 տոկոսով, արտահանումն աճել է 7,2 տոկոսով, ծառայությունների աճը կազմել է 15,1 տոկոս:

 5,9 տոկոսով ավելացել են աշխատավարձերը, բավական ցածր է եղել գնաճը, մասնավորապես  0,1 տոկոս է կազմել սննդամթերքի աճը:  «Սրանք շատ լավ ցուցանիշներ են»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով:

ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ ամենակարեւոր արձանագրումն այն է, որ 2019 թվականին  Հայաստանին հաջողվել է ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող   ցուցանիշով, առաջ անցնել Վրաստանից: Կանխատեսվում է, որ գալիք տարում  Հայաստանն առաջ  կանցնի նաեւ Ադրբեջանից: Ըստ  տվյալների՝ նախորդ  տաս տարիներին   Հայաստանն այս սանդղակում եղել է գրեթե վերջին տեղում, ինչն արդեն փոխվում է:

Քննարկման ավարտից հետո 79 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է  երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:

Առաջին ընթերցմամբ շարունակվել է  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը,  որի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմամբ, այն է` օրենքի 20-րդ հոդվածի 1-ին հատվածի` «հինգ տարվա ընթացքում» արտահայտության եւ «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից» նախադասության մասերը ճանաչվել են Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

Ուստի նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման պահանջներին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:   Կարեն Համբարձումյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական   հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նախագիծը վերաբերում է օդի տուրքը մասամբ վերացնելուն:

 Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի հեղինակած  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ նախագծի համար հիմք են դարձել ոչ կանոնադրային հարաբերություննեի պատճառով բանակում առկա ինքնասպանությունները, ուստի իրենք՝ հեղինակները, խիստ կարեւոր են համարում ավելացնել զինվորներին ինքնասպանության հասցնողների համար սահմանված պատժաչափերը:  Այսպես, առաջարկվում է ՀՀ  2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը  լրացնել նոր՝ 360.1-րդ եւ 360.2-րդ հոդվածներով հետեւյալ խմբագրությամբ. «Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, եթե բացակայում են սույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի, 358.1-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝  չորսից ութ տարի ժամկետով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ինը տարի ժամկետով: Վերոնշյալ արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:

Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից,) պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

 Նշված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնչորս տարի ժամկետով»:

 Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը: Նա տեղեկացրել է, որ նախաձեռնության վերաբերյալ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ օրինագիծը լրամշակվել է Կառավարության ներկայացրած առաջարկների հիման վրա:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը: Նա ընդգծել է, որ այսօր էլ զինված ուժերում ինքնասպանության հասցնելը քրեօրեն պատժելի է: Պատգամավորը հորդորել է ներկայացնել առաջարկներ, որոնք էլ՛ ավելի կհստակեցնեն նախագծի բովանդակությունը եւ դրանում ամրագրված նորմերի տրամաբանությունը: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն քննարկումներ՝ ունենալու իրավական որոշակիությանը բնորոշ նախագիծ, որն էլ կյանքի կկոչվի եւ իսպառ կվերացնի բարձրաձայնվող դեպքերը զինված ուժերի բնագավառում: Խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Հիմնական զեկուցող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները/ անվանումները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Վարդան Աթաբեկյանը նշել է, որ թեեւ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, այնուամենայնիվ այն խնդրահարույց է համարում, եւ կարծում է, որ շատ հարցեր կարգավորման կարիք ունեն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը նախագծի վերաբերյալ բացասական էր, ուստի խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը  գործընկերներին հորդորել է դեմ քվեարկել նախագծին:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու համար ներկայացրել  է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:  Փոփոխություններով նախատեսվում է, որ կարգապահական իրավախախտումը ծանրացնող հանգամանք է հանդիսանում իրավախախտումը դատվածություն ունեցող զինծառայողի կողմից կատարելը, սահմանվում են նյութական վնաս հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը, ինչպես նաեւ այն ժամանակահատվածները, որոնք հաշվի են առնվում կարգապահական տույժ տալու համար սահմանված առավելագույն ժամկետում: Նախատեսվում են կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու դրույթներ եւ ծառայողական քննության կասեցման հիմքերը, կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողի կողմից բողոք ներկայացնելու եւ բողոքի քննարկման արդյունքներով ընդունվող որոշումները, կարգապահական տույժերի հանման շրջանակներում նախատեսվում է նաեւ այն դեպքը, երբ տույժը հանվել է բողոքարկման արդյունքում, կարգապահական իրավախախտումների տեսակները սահմանող հոդվածներում հստակեցվում են կարգապահական տույժերի անվանումները:

Ակնկալվում է, որ օրենքի ընդունումը կապահովի ՀՀ զինված ուժերում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների եւ շահերի պաշտպանության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցող Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողին երրորդ խմբի հաշմանդամության դեպքում տալ 35.000.000 դրամ հատուցում, պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողին կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձին երրորդ խմբի հաշմանդամության դեպքում տալ 25.000.000 դրամ հատուցում, իսկ  պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողին երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15.000.000 դրամ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը փոխանցել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարեւորել զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ապահովումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ Կառավարության կարծիքը դրական չէ, քանի որ նման գումարներ վճարելու հարցում  որոշակի դժվարություններ կարող են լինել:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա կարեւորել է նախաձեռնության ընդունումը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի՝ նախատեսվում է ոստիկանությանը իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Զեկուցողի տեղեկացմամբ՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունը ներկա պահին նպատակահարմար չի համարում ոստիկանությանը նման հնարավորություն ընձեռելը:

Նախագծի վերաբերյալ քննարկումը կշարունակվի ԱԺ դեկտեմբերի 9-ի նիստում:


06.12.2019
Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանն ամփոփում է աշխատանքային այցը Շվեդիա
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 4-5-ը գտնվում էին Շվեդիայի Թագավորությունում: Պատգամավորներն  այցելել են Ռիկսդագ, ո...

06.12.2019
Հայ խորհրդարանականները մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ
Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 2-5-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղ...

06.12.2019
Քննարկվել են խաղաղության հաստատման գործում երիտասարդության դերակատարությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Սոնա Ղազարյանը «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հանդիպել են Տավուշի եւ Արցախի մի խումբ երիտասարդների եւ եզդի համայնքի ներկայացուցիչների հետ։ Քննարկման թեման եղել է «Երիտասարդության դերը խաղաղության հաստաման գործու...

06.12.2019
Քննարկվել են վարկային համաձայնագրերը վավերացնելու մասին օրենքների նախագծեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ  Ասիական զարգացման, Վերականգնման վարկերի, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկերի միջեւ ստորագրված վարկային...

06.12.2019
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն  դեկտեմբերի 6-ին  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կոնգրեսականները ծաղիկներ են դրել Հա...

06.12.2019
Արձանագրություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարած համարելու մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն, որում ասվում է. «Հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ  էդգար  Շաթիրյանի  հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի պահանջո...

06.12.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am