Տպել
29.11.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ շարունակվել է քննարկվել նախորդ նիստում ընդհատված՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել է գնալ մի շարք զիջումների՝ նախաձեռնությունից հանվել են մի շարք դրույթներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել որոշ կետեր: Բաբկեն Թունյանը նշել է, որ սիգարետների ցուցադրումը սուպերմարկետների տաղավարներում կարգելվի, բայց, միեւնույն ժամանակ, փոքր առեւտրակետերում նման արգելք չի մտցվի: Արգելքը չի տարածվի այն խանութների վրա, որոնք գտնվում են հանրապետական օդանավակայանների տարածքներում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է փաթեթից հանել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որն ընդունվել է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Առաջարակվում է օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել նոր կետով, այն է՝ «օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առեւտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային եւ ձմեռային ժամանակաշրջանում»:

Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:

Նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն՝ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...