Տպել
29.11.2019
Քննարկվել են տարեկան պետական տուրքին առնչվող հարցեր
1 / 5

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ բանկերի միության ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են բանկային եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարվելիք տարեկան պետական տուրքին առնչվող հարցեր:

Բաբկեն Թունյանը նշել է, որ հուլիսին իրականացված հարկային բարեփոխումների արդյունքում որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ բանկերի եւ ֆինանսական այլ կազմակերպությունների համար նախատեսված պետական  տուրքերի մասով: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ փոփոխությունների արդյունքում էականորեն ավելացել է նաեւ բանկերի մասնաճյուղերի համար սահմանված պետական տուրքի չափը, որի վերաբերյալ էլ Հայաստանի բանկերի միությունը  ներկայացրել է իր դիրքորոշումն ու առաջարկները:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը  նշել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքում տուրքի չափը հաշվարկվել է՝ ելնելով բանկերի մասնաճյուղերի թվից: Միությունը կարեւորում է պետական տուրքի բեռի հավասարաչափ բաշխումը եւ այդ նպատակով առաջարկում է  ավելացնել բանկերի գլխամասերի համար նախատեսված պետական տուրքը, սակայն այն նվազեցնելով մասնաճյուղերի համար: Առաջարկվում է նվազեցնել նաեւ սահմանամերձ շրջաններում գտնվող մասնաճյուղերի համար նախատեսված պետական տուրքի չափը, իսկ ներկայացուցչությունների համար՝ այն զրոյացնել:

Բանախոսի տեղեկացմամբ՝ հանրապետության հեռավոր շրջաններում գործող բանկերի մասնաճյուղերի զգալի մասը մեծ շահութաբերություն չեն ապահովում եւ կարող են փակվել՝ հանգեցնելով բնակչության ֆինանսական հասանելիության վատթարացմանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է սահմանել գոտիականության սկզբունք՝ Երեւանի, մարզերի, սահմանամերձ շրջանների համար, տարանջատել սահմանափակ գործունեություն իրականացնող մասնաճյուղերի պետական տուրքի չափն ունիվերսալ ծառայություններ մատուցող մասնաճյուղի պետական տուրքի չափից:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել է շարունակել քննարկումները եւ հարցի լուծման վերաբերյալ մշակել  ընդունելի տարբերակ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...