Տպել
28.11.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Նազելի Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Արթուր Դավթյանի՝ առաջարկվում է լրացում կատարել օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը եւ կոչման հավելավճար նախատեսել նաեւ դատական կարգադրիչների համար:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է 2 առաջարկ, որոնք ընդունվել են Արթուր Դավթյանի կողմից:

Հանձնաժողովի նախագահը ողջունել է նախագիծը եւ առաջարկել կողմ քվեարկել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայում հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծի շրջանակում քննարկվում են հանրային ծառայողների շահադրդման այլ պայմաններ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմամբ, այն է՝ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին հատվածի՝ «հինգ տարվա ընթացքում» արտահայտության եւ «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից» նախադասության մասերը ճանաչվել են Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

Ուստի նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վերոնյալ որոշման պահանջներին:

Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Լրամշակելու նպատակով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեվավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրինագծերը, Նարեկ Զեյնալյանի ու Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: