National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
28.11.2019
Քննարկվել են սոցիալական գովազդի հայեցակարգն ու ոլորտի խնդիրները
1 / 16

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ։

Կարեւորելով միջոցառման անցկացումը՝ Վիկտոր Ենգիբարյանը շեշտադրել է սոցիալական գովազդի դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության զարգացման, մարդկանց քաջալերելու եւ նրանց նպատակամղելու գործում։ Նրա հավաստմամբ՝ սոցգովազդը կրթական գործառույթ է, որն իր ազդեցությամբ կարող է օժանդակել ու նպաստել նաեւ ներհամայնքային խնդիրների լուծմանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար, Սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արայիկ Խզմալյանը խոսել է ոլորտի խնդիրներից, տեղեկացրել օրենսդրական բացթողումների եւ հանրապետական հանձնաժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների տարաձայնությունների մասին։ Նա ընդգծել է հանձնաժողովի անդամների արհեստավարժության կարեւորությունը։ «Մենք լուրջ խնդիր ունենք միասնական պատկերացում ձեւավորելու սոցիալական գովազդի վերաբերյալ»,- ասել է բանախոսը, քանի որ, ըստ նրա, գործող օրենքը հստակ չի սահմանում սոցիալական գովազդի չափորոշիչները։ Նշվել է, որ ընթացքի մեջ են կանոնակարգի փոփոխությունները, որոնք առաջիկայում կներկայացվեն կառավարություն։ Կարեւոր է համարվել արդյունավետ տեղեկատվության գեներացումն ու միասնական տեղեկատվական քաղաքականության իրականացումը։

Սոցիալական գովազդի միջազգային փորձագետ, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը ներկայացրել է «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգը»։ Ըստ նրա՝ մեր երկրում կայացած չէ սոցգովազդի ինստիտուտը։ «Սոցգովազդը հանրային հայտարարություններ են, որով կարողանում են համախմբել հասարակությանը տվյալ պահին առաջ եկած մի որեւէ խնդրի շուրջ եւ անպայման տալիս են լուծումներ»,-ասել է միջազգային փորձագետն ու ընդգծել սոցգովազդի հետադարձ կապի անհրաժեշտությունը խնդրի լուծման գործում։ Նա փաստել է, որ սոցգովազդը պարտադիր պետք է մատնացույց անի խնդրի լուծման ուղին, ինչը բացակայում է Հայաստանում հեռարձակվող գովազդներում։ Նրա տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ում տարեկան շուրջ 300 սոցգովազդ է թողարկվում, որի համար պետությունը հատկացնում է 300միլիոն դոլար։ Կարեւոր համարվեց սոցգովազդներում հեղինակային իրավունքի պահպանումը։ Խոսելով բնագավառում առկա խնդիրներից՝ Արզուման Հարությունյանը անհրաժեշտություն է համարել նոր հայեցակարգի եւ օրենսդրության մշակումը, ինչպես նաեւ սոցիալական գովազդի մշակույթի ներդրումը մեզանում։ Անդրադառնալով հանրապետական հանձնաժողովի գործունեությանը՝ նա նշել է, որ այն չպետք է ունենա գերատեսչական պատկանելիություն, այսինքն պետք է անկախ մարմին լինի եւ ունենա 12 անդամ՝ երեքը՝ նախարարություններից, մյուսները տարբեր բնագավառների արհեստավարժ մասնագետներ։

ԵՊՀ պրոռեկտոր, սոցիալական գովազդի փորձագետ Էլինա Ասրիյանը խոսել է սոցգովազդի հոգեբանական ներգործության խնդիրներից, նշել, որ սոցգովազդը չպետք է վնասի մարդու հոգեբանությանը։ Նրա համոզմամբ՝ սոցգովադը խոցելի սովորություններից ձերբազատման միջոց է։ Նպատակը մարդու առաջընթացին եւ մարդու մեջ դրական փոփոխություններին նպաստելն է։

ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանն անդրադարձել է սոցիալական գովազդի ոլորտը կարգավորող օրենսդրությանը։ Նա քննադատել է նախորդ իշխանությանը բնագավառի բարձիթողի վիճակի համար, ինչպես նաեւ անհասկանալի է համարել 2011թվականին սոցգովազդի հայեցակարգն այդպես էլ չհաստատելու հանգամանքը։ «Երկար տարիներ մեր երկրում սոցիալական գովազդը դիտարկվում էր երկրորդական, ոչ կարեւոր»,- ասել է պատգամավորը։ Նա կարեւոր է համարել սոցգովազդի նպատակային վերահսկողության եւ հանրապետական հանձնաժողովի գործառույթների հստակ սահմանումը։ Նշելով, որ ներկայում վերանում են սոցիալական եւ առեւտրային գովազդների, այսպես ասած, սահմանները՝ Անուշ Բեղլոյանն առաջարկել է ներմուծել ինտեգրված գովազդի հասկացությունը, ինչպես նաեւ այդ գործընթացում ներառել մասնավոր կազմակերպություններին, որը կապահովի  ոլորտի ներառականությունը, թափանցիկությունը եւ մրցակցության բարձրացումը։ Անդրադարձ է կատարվել բնագավառի պետական տեղակատվական քաղաքականությանը, անհրաժեշտություն է համարվել առաջնահերթությունների սահմանումը, որն ըստ բանախոսի, կօգնի ձեւակերպել այն պատվերը, ինչը համահունչ կլինի երկրի զարգացման ուղղությունների հետ։

«Սոցիալական գովազդը որպես հանրային գիտակցության կրթման գործիք» թեմայով խոսքում ՀՀ վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանը կարեւորել է սոցգովազդի միջոցով հանրային գիտակցության վրա ազդելու հնարավորությունը։ Նա նշել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական կամքի արդյունքում հաղթահարվել է համակարգային կոռուպցիան։ Ըստ նրա՝ անհրաժեշտություն է ծագել հաղթահարել նաեւ,այսպես ասած, համակարգային իներցիան, տարիների ընթացքում կուտակված եւ արմատացած մտածողությունն ու վարքագիծը։ Լեւոն Մազմանյանի հավաստմամբ՝ 21-րդ դարում կրթությունը պետք է կրի շարունակական բնույթ։ «Բոլորը ցանկացած տարիքում պետք է շարունակեն կրթվել»,-ասել է նա եւ հավելել, որ սոցիալական գովազդի բովանդակությունը պետք է ունենա ռազմավարական բնույթ երկրի եւ ժողովրդի համար եւ այն պետք է լինի հետաքրքիր ու գրավիչ։ Կարեւոր է համարվել մասնավոր հատվածի ներգրավումը սոցգովազդի պատրաստման գործում։

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։ Նշվել է, որ սոցիալական գովազդը կոչ է մարդուն գործելու, նպատակադրվելու եւ առաջ շարժվելու։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS